«Երջանիկ է նա, ով նախօրեին կատարած աշխատանքում
տեսնում է իր կամքի դրսևորման հետքերը»: ԱԼԵՆ
Մեր զրուցակիցն է «Բազմազավակ
մայրերի աջակցության միավորում» ՀԿ -ի նախագահ, իրավաբան և բանասեր, բազմազավակ
մայր և պարզապես հրաշալի մարդ ու յուրօրինակ անհատականություն՝ Մարգարիտա Հովսեփյանը:
1. Ո՞վ է Մարգարիտա Հովսեփյանը որպես մայր և որպես տատիկ:
Որպես մայր և տատիկ ինձ այնքան էլ չեմ հավանում, քանի որ շատ քիչ ժամանակ
եմ ունենում երեխաներիս հետ շփվելու համար: Ուստի, օրվա այն քիչ հատվածը, որը
ինձ կապում է երեխաներիս հետ, աշխատում եմ լցնել սիրով և ջերմությամբ:
Շատ եմ ուզում, որպեսզի որդիներս լինեն՝ գիտակից, ինտելեկտով բարձր,
բարի, պարկեշտ, նպատակասլաց, և ամենակարևորը՝ պիտանի մարդիկ մեր երկրի համար: Թե որքանով
ինձ կհաջողվի իրենց մեջ սերմանել նշված կարևոր հատկությունները, ժամանակը ցույց կտա:
2. Ժամանակակից քաղաքականությունը իրենից ներկայացնում է ոչ թե պայքար մարդկանց,
այլ հասարակության մեջ: Ինչպե՞ս եք Դուք Ձեզ տեսնում այդ պայքարում:
Ես անձամբ շատ եմ հավատում արդարությանն ու ճշմարտությանը, ըստ իս ՝ դրանք են բարձրագույն
բարոյական նորմերը: Միշտ պայքարել եմ, պայքարում եմ և պայքարելու եմ հանուն
արդարության և ճշմարտության: Հայ ազգը պատկանում է աշխարհի հնագույն քաղաքակիրթ ժողովուրդների
շարքին, սակայն այսօր իմ ժողովուրդը ապրում է ոչ այնքան արժանապատիվ կյանքով: Ես պայքարում
եմ մեր երկրում կարգուկանոն հաստատելու համար, պայքարում եմ կիրթ, օրինակելի,
քաջ, բարձր բարոյական գիտակցություն ունեցող հասարակություն ձևավորելու
համար:
3. Որևէ հիշարժան դեպք կարո՞ղ եք պատմել ամուսնացած տարիներից: Կարծում եմ
ամեն դեպքում սիրելով եք ամուսնացել: Ո՞ր քայլից հետո հասկացաք, որ սիրում եք
տղամարդուն:
Շատ կարճ կպատասխանեմ Ձեր հարցին՝ տղամարդուն սիրում եմ միայն այն դեպքում, երբ
վստահում եմ, իսկ հիասթափվում, երբ նա կորցնում է վստահությունս:
Ամենահիշարժանը ամուսնացած տարիներից՝ որդիներիս ծնունդներն են:
4. Երկու հզոր ծառ դժվարությամբ են աճում իրար կողքի: Դուք ուժեղ կին եք:
Ձեր կողքին արդյո՞ք կդիմանար ուժեղ տղամարդը:
Նայած, թե ուժեղ ասելով ի՞նչ ենք հասկանում: Ինձ հետ և շատ հեշտ է , և շատ դժվար:
Ես տղամարդուց ողջ կյանքում պահանջել եմ ընդամենը մեկ, բայցևայնպես, շատ
կարևոր մոտեցում՝ վստահություն: Երբ կողքիս վստահելի տղամարդ է, ես ինձ շատ պաշտպանված
և հանգիստ եմ զգում: Իսկ երբ կողակիցս կորցնում է վստահությունս,
ապա բացի դատարկությունից ուրիշ ոչինչ չեմ զգում:
5. Ինչպե՞ս ծնվեց «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» հասարակական
կազմակերպության հիմնադրման գաղափարը:
Տարիներ առաջ՝ մի անհաջող գործարքի ժամանակ, ինձ շատ լուրջ նյութական հարված
հասցրեցին գործընկերներս: Իհարկե, իրավաբանի մասնագիտությունը ինձ շատ օգնեց,
չնայած նրան, որ մինչ օրս դեռ ամբողջությամբ չեմ կարողացել ազատվել այդ հսկայական վնասից:
Սակայն, բարոյական վնասը ավելի մեծ էր ու մտածեցի, եթե չլինեի իրավաբան,
ապա ինչպես կկարողանայի պաշտպանվել և ինչպես են պաշտպանվում այն բազմազավակ ընտանիքների
կանայք և տղամարդիկ, ովքեր չունեն բավականաչափ փորձ, գիտելիք, համառություն և
համարձակություն… Այդ ժամանակ ծնվեց բազմազավակների պաշտպանությամբ զբաղվելու
գաղափարը: 2011 թվականի մայիս ամսին հիմնեցի « Բազմազավակ մայրերի
աջակցության միավորում» հասարակական կազմակերպությունը և շատ մեծ դժվարությամբ,
սակայն ինձ բնորոշ համառությամբ և համբերությամբ ծավալեցի բազմազավակներին
աջակցելու գործունեությունը:
6. Հիշարժան դեպք Ձեր կյանքից կարո՞ղ եք վերհիշել:
Փորձել եմ ինձ նաև քաղաքականությունում,մասնակցել ազգային ժողովի ընտրություններին
և արժանացել հասարակության
բարձր գնահատականին։ Դա էլ հերթական լուսավոր պատմությունն իմ կյանքից:
Եվ վերջում, բլից հարցում
, ակնկալում ենք լսել Ձեր անկեղծ պատասխանները.
1.Բնութագրեք Ձեզ մեկ բառով:
Կներեք, բայց երկու բառ է՝
շատ նպատակասլաց:
2.Ի՞նչ է Ձեզ համար հավատքը:
Կյանքի իմաստ:
3.Գիրք, որը պարտադիր պետք է կարդալ:
Աստվածաշունչ, «Տիգրան Մեծ», հեղինակ
Հայկ Խաչատրյան:
4. Ո՞ր գույնի պակասն եք հաճախ
զգում Ձեր ներկապնակում:
Վարդագույն:
5. Արարք,
որի համար հաճախ ափսոսում եք:
Երբեք , որևէ բանի համար չեմ ափսոսում:
Շնորհակալություն հարցազրույցի համար, ցանկանում ենք Ձեզ ստեղծագործական և աշխատանքային
վերելքներ ու բազում հաջողություններ:
Ձեզ նույնպես շնորհակալություն:
Հարցազրույցը վարեց՝ Արամ Խաչատրյանը/ ԱՐԽԱ


