«Գիտե՞ք, թե ինչ
է նշանակում` նկարահանվել ֆիլմում. պատկերացրեք, որ դուք լոգանք եք ընդունում, և հենց
այդ պահին ձեր լոգարան էքսկուրսիա են բերում»:
Ֆաինա Ռանևսկայա
Մեր զրուցակին
է՝ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանը , ով նաև հանդիսանում է
«Խաղեր» (1990թ.), «Հոսք» (1997թ.), «Սուրբ ծեսերի երկիր» (2001թ.), «Մարիամ»
(2005թ.) ժապավենների և «Արարատից Սիոն» 2009թ. փաստավավերագրական ֆիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը :
1. Ի՞նչ ֆիլմ եք նկարահանում այս պահին։
Նկարահանում
ենք «Սարը» ֆիլմը և լիարժեք պատկերացում կազմելու համար, անշուշտ, պետք է դիտել այն:
Երեք առանձին պատմություններ են. առաջին հայացքից մեկը մյուսի հետ կապ չունեցող սյուժեներ
են, սակայն կա առանցքային մի բան, որը կապող օղակ է հանդիսանում: Երեք մասից բաղկացած
լիամետրաժ ֆիլմ է՝ յուրաքանչյուր մասը 30 րոպե տևողությամբ: ֆիլմը սկսվում է 21-րդ
դարի իրադարձություններով, ապա սահուն կերպով անցում ենք կատարում դեպի 11-րդ դար։
Առաջին նկարահանված հատվածը 21-րդ դարի նովել է, երկրորդը՝ Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը»
պատմվածքի մոտիվներով է: Մեզ հայտնի է, որ Սուրբ Գրիգոր Նարեկացին մահացել է
11-րդ դարում՝ 1003 թվականին. երրորդ դրվագի հիմքում ընկած է 17-րդ դարում ապրած մի
սուրբ ճգնավորի կյանքի վկայություն, ով աղոթքներով մարդ էր բուժում, բժշկում: Ասում
են՝ նույնիսկ մահացած մարդուն է կենդանություն տվել, սակայն ես այդ պատմությունը վերափոխել
եմ և տարել 1003 թվական․․․ Ինչևէ, չէի ցանկանա փակագծերը բացել:
2. Պատրաստվու՞մ եք ֆիլմը արտասահմանյան ինչ որ մրցույթի ներկայացնել...
Երբևիցե
այդպիսի բան չեմ արել և չեմ էլ պատրաստվում անել: Մրցույթի համար ֆիլմ չենք նկարում.
նկարում ենք, որովհետև ուզում ենք նկարել, և դա կարևոր է հենց այս պահին: Մեր նախորդ
ֆիլմը՝ կարճամետրաժ «The Simon’s way» ֆիլմն է, որի գլխավոր հերոսը Շանթ Հովհաննիսյանն
է: Երկու ամսվա ընթացքում այն 20 միջազգային մրցանակի է արժանացել՝ Անգլիայում,
Շվեյցարիայում և ԱՄՆ-ում: Ի դեպ վերջերս ստացա նամակ, որում նշված էր, որ «The
Simon’s way» ֆիլմը ստացել է լավագույն ֆիլմ, ես՝ լավագույն ռեժիսոր, լավագույն
սցենարիստ կոչումները, բայց ասել, որ ի սկզբանե ֆիլմը նկարել էինք մրցույթներին ներկայացնելու
համար, իհարկե՝ ոչ: Նկարել ենք, որովհետև դա հայ-թուրքական հարաբերությունների տրագիկոմիկ
հեգնանքով լցված մի պատմություն է: 1990-թվականից ցայսօր ես հայկական կինոյի տարածման
ջատագովներից մեկն եմ, ուզում եմ, որ մեր կինոն չտառապի գավառամտությունով, չլինի այնպես,
որ բացի մեզանից ոչ ոք այլևս չկարողանա հասկանալ ֆիլմի էությունը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր
գործ, լինի դա ազգային, թե միջազգային թեմատիկայով, եթե որակյալ է, հասկանալի, ապա
հասանելի է յուրաքանչյուր մարդու, լինի դա ճապոնացի, ֆիլիպինցի, շվեդ կամ այլ ազգի
ներկայացուցիչ։
3. Ինչպե՞ս կատարեցիք դերասանների ընտրույթունը, ի՞նչու հենց Շանթ Հովհաննիսյանին ընտրեցիք։
Շանթի
հետ երրորդ համատեղ աշխատանքն էր սա: Կարծում եմ, որ Շանթը շատ օրգանիկ դերասան
է, մի քանի կոմպոնենտ կա, ես չեմ ցանկանում գաղտնիքները բացել, որ ոչ մի դերասան
չվիրավորվի հանկարծ և չմտածի, թե խելագարվել եմ: Ասեմ, որ շատ կարևոր է, երբ խաղընկերները
զգում են միմյանց, ու տեսախցիկի առաջ կարողանում են ճիշտ և արագ կողմնորոշվել: Թատրոնում,
օրինակ, շատ ավելի դժվար է, և այլ է պատկերը. դերասանը պիտի հմուտ լինի, փորձառու և
բեմը, պահը զգալու հատկանիշներով օժտված լինի։ Շանթ Հովհաննիսյանը հենց այդ տիպի դերասանների
թվին է պատկանում:
4. Որպես ռեժիսոր, ինչպե՞ս եք վերաբերվում հայկական հեռուստասերիալներին, չե՞ք կարծում, որ պետք է կայացած ռեժիսորը զբաղվի նկարահանման ողջ գործընթացով։
Ես այսպես կպատասխանեմ
ձեզ: Անշուշտ, դուք տալիս եք մի հարց, որն էլ ունի տրամաբանական պատասխան: Այո, համամիտ
եմ, բայց… Երբ կայացած ռեժիսորը փորձի նկարահանել հեռուստասերիալ, ապա դա բավականին
ծախսատար կլինի: Ինչու՞, մի պարզ պատճառով, ոչ թե ռեժիսորին տրվող հոնորարն է բարձր,
այլ՝ կատարած աշխատանքն է թանկ արժենում: Մի քանի դուբլ է արվում, առանց լույսերի նկարահանում
չի արվում, և այդպես շարունակ...
5․Ի՞նչ կարծիք ունեք դերասաններին տրվող կոչումների մասին:
Բացարձակ տարբերություն
չկա, թե ում հետ եմ աշխատում՝ վաստակավոր դերասանի, թե՝ ժողովրդական: Կոչումները ես
չեմ տալիս, ու շատ հաճախ մարդիկ , ովքեր վաստակ չունեն՝ ստանում են վաստակավորի կոչում:
Ես առհասարակ դեմ եմ այդ կոչումներին: Վերցնում եմ. լավ դերասան է՞, ինձ պետք է՞, էս
դերը իրե՞նն է, կամ իրենը չի, ունի՞ վաստակավորի կոչում, թե՝ չունի, դրանք երկրորդական
բաներ են: Ռեստորանից մի հրաշալի, ընդունակ մատուցողի եմ վերցրել: Այո, թատերական կրթություն
ուներ այդ աղջիկը, ու հիմա այս ֆիլմում նկարվում է: Ընտրության հարցում քիչ ենք սխալվում:
6․ Բայց համաձայնեք, որ այդ նույն կոչումը, որը չեք սիրում, կայացած արվեստագետի աշխատանքի գնահատականն է նաև:
Կներեք, բայց եթե այդքան վստահ եք, ուրեմն ասացեք նաև թե այդ կոչումն ու՞մ կողմից է տրվում:
Ե'վ հանդիսատեսի, և' համապատասխան մարմինների կողմից….
Չենք կարող անտեսել, որ դերասանները հաճախ են փաստում. «Հանդիսատեսի ծափերը մեզ համար ամեն ինչ է»:
Ստում են: Ոչ
բոլորը, իհարկե, բայց շատերն են սիրում այդ կոչումները, որոնք չեն տալիս ո՛չ հանդիսատեսը,
ո՛չ ժողովուրդը, այլ՝ 8-10 հոգի մարդ: Հիշեցնեմ կոչումների ծագումնաբանությունը: Ի.Ստալինը
հնարեց երկու «հետաքրքիր» բան՝ դերասաններին կոչումի արժանացնելը և գրանցումը:
Գրանցումը հանեց, որպեսզի մարդկանց հեշտությամբ ձերբակալի, խոչընդոտներ չլինեն, իսկ
կոչում շնորհելու գաղափարը հաստատեց, որպեսզի կարողանա արվեստագետին «գնել»:
Գնել և ղեկավարել նրանց, գործունեությունը վերահսկել, այդ գաղափարախոսությունը մինչև
այսօր, ցավոք սրտի, մնաց: Եթե ուզում եք ամբողջ անհեթեթությունը հասկանալ, ես ձեզ մի
քանի օրինակներ կբերեմ: Պատկերացրեք այսպիսի արտահայտություն. Հոլանդիայի վաստակավոր
արտիստ, ԱՄՆ արվեստի վաստակավոր գործիչ: Լսե՞լ եք նման բան, բնականաբար, ո'չ: Դա արհեստական
է և ոչ կարևոր: Երբ դու սիրված ես և ժողովրդականություն ես վայելում, ապա քեզ
պետք չեն կոչումները:
Եվ կցանկանայինք մի քանի հարցերով ամփոփելով մեր զրույցը.
1. Ֆիլմ, որը պետք է պարտադիր նայել:
Կարող եմ նշել մի ֆիլմի անուն, որն ինձ համար
բացահայտում էր, և 20-րդ դարի լավագույն ֆիլմն է, դա Փարաջանովի «Մոռացված նախնիների
ստվերները» (Тени забытых предков) ֆիլմն է: Դա ֆենոմենալ գործ է:
2. Գիրք, որը պարտադիր պետք է կարդալ:
Ի դեպ, դուք ինձ հիշացնում եք իմ տղային, մի օր նա ասաց. «Պա՛պ,
ինչի՞ց սկսեմ կարդալ, ո՞ր գիրքը կարդամ»: Արժեքավոր գրքեր շատ կան, որոնք անհրաժեշտ
է կարդալ, ես մի ամբողջ տետրը պիտի օգտագործեմ անունները թվարկելու համար: Կարող
էի «Աստվածաշունչ»-ը նշել, բայց դա սովորական մարդը, էլ չեմ ասում հավատացյալ մարդը
պիտի կարդա: Կարող եմ «Դոն Կիխոտ»-ից սկսել, հասնել Շեքսպիրին, ռուսական, գերմանական
դասականներին:
Աշխարհայացքի ձևավորման առումով կարող ենք
առանձնացնել մի շարք գործեր, որոնք, սակայն, կարող են գեղարվեստական մեծ արժեք չներկայացնել:
3. Ի՞նչ է Ձեզ համար հավատքը:
Հավատքը դա այնքան լուրջ հարց է: Եթե ասեմ հավատացյալ
մարդ եմ, այո, բայց ես կրոնական (религиозный) չեմ: Գիտակցում եմ, որ իմ գործունեությունը
ինչ որ մեկի արարչական մտքի արդյունքն է: Չեմ ուզում խորանալ տրամաբանական բաների մեջ:
Մարդիկ շատ հաճախ մեքենա են խնդրում, երջանկություն են խնդրում, առանց հասկանալու,
որ մեզ տրված է ամեն ինչ և մենք շատ վատ ենք վերաբերվում էդ ամեն ինչին:
4. Եվ վերջին հարցը: Ինչու՞ ընտրեցիք հենց այս ասպարեզը:
Ես չեմ ընտրել, ես ինը տարեկանից գիտեի՝ ինչ եմ ուզում:
Ուրիշ ընտրություն չէր կարող լինել:
Շնորհակալություն հարցազրույցի համար:
Ձեզ էլ շնորհակալություն:
Հարցազրույցը վարեց Արամ Խաչատրյանը (ԱՐԽԱ)


