Arxablog-ը շնորհավորում է բոլոր ուսուցիչների տոնը, մաղթելով՝ արևշատություն, առողջ ու երջանիկ տարիներ, գնահատանքի ու մեծարման բազում հաճելի պահեր:

Մեր հյուրասրահում է Հրազդան քաղաքի,
Հովհ. Թումանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի՝ վաստակաշատ, սիրված և իր գործին անմնացորդ
նվիրված, եզակի մարդ, ուսուցչուհի Նելլի Տոնյանը:
1. Սիրելի՛, ընկեր Տոնյան,
նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ՝ այս ավանդական դարձած, գեղեցիկ և բարի տոնի առթիվ:
Ձեր անսահման եռանդը, մայրական սերն ու գորովը, տարիների ընթացքում տվել են իրենց բարի
պտուղները: Ձեր սաներն այսօր կայացած մարդիկ են, լուրջ անհատականություններ և, ամենակարևորը,
սիրով, բարությամբ լի անձնավորություններ:
Այսպիսի մի հարց. Պատկերացրեք,
որ ժամանակի անիվը հետ ենք պտտել և Դուք հայտնվել եք այն շրջանում, երբ մասնագիտություն
էիք ընտրում: Կփոխեի՞ք ինչ որ բան:
Շնորհակալ եմ, այսպիսի
ջերմ ու անկեղծ խոսքերի համար: Գիտե՞ք, ես ծնվել և մեծացել եմ մի ընտանիքում, ուր տան
մթնոլորտը շաղախված է եղել գրականության, հայրենասիրության և մանկավարժության ոգեղեն
շնչով. Ծնողներս մանկավարժներ են եղել: Բնական է, որ այդ ամենը պետք է խորը հետք թողեին
փոքրիկ Նելլիի հոգում:
Ես առանց վարանելու ընտրեցի մանկավարժի
մասնագիտությունը, և, եթե հնարավոր լիներ երկրորդ անգամ աշխարհ գալ՝ կուզեի ծնվել նույն
հոր ու մորից և անշուշտ կընտրեի նույն բնագավառը, նույն մասնագիտությունը:
2. Ասում են՝ բնության օրենքներից
ոչ մի տեղ չես թաքնվի: Ձեզ համար, որո՞նք են այդ օրենքները:
Բնությունն ունի բազմաթիվ
օրենքներ, որոնք միշտ էլ օրինաչափ են և պարտադիր բոլորի համար՝ համայն մարդկության,
աշխարհի, տիեզերքի:
Ես միշտ էլ հիացել եմ տարվա 4
եղանակների հերթափոխով: Գույների բազմազանությունն ու երանգները, բնության խաղերն ու
շքեղությունը ես համադրել եմ, և համեմատում եմ մարդկային կյանքի փուլերի հետ...
Մեր կյանքն էլ ունի իր կանաչազարդ
գարունը, որին էլ հաջորդում է ջերմ ու տաք կրակոտ ամառը, իսկ ոսկեշող, իմաստուն և խորը
աշնանը փոխարինում է կյանքի ձմեռը: Ահա սրանք են այն օրենքներից հիմնականները,
որոնցից երբեք և ոչ մի տեղ չես թաքնվի:
3. Խորիմաստ և հետաքրքիր դիրքորոշում,
մտածելակերպ ունեք... Դատելով Ձեր պատասխանից՝ ենթադրում եմ, որ Դուք շատ զգացմունքային
և տպավորվող անհատականություն եք: Ինձ այսպիսի մի հարց է հետաքրքրում. Ըստ Ձեզ, որ
ժամանակաշրջանի դաստիարակության մեթոդներն են ճիշտ՝ չոր, սառը, կոպիտ Տեր Թոդիկի, թե՞
...
Ես մի պարզ ճշմարտություն
գիտեմ. Դաստիարակությունը սրբազան պարտականություն է: Մենք գործ ունենք խմորի հետ և
ինչպես շաղախենք, այնպիսի հաց էլ կստանանք: Նախևառաջ պետք է սեր ու հարգանք սերմանել
մատաղ սերնդի հոգում, որպեսզի դրանք ծլարձակեն և հետո տան իրենց համապատասխան պտուղները:
Տեր Թոդիկի մեթոդին դեմ եմ և երբեէ չեմ խրախուսել նման դաստիարակության ձևերն ու տարբերակները:
4. Իսկ տանը ո՞վ պետք է զբաղվի
երեխայի դաստիարակությամբ՝ մայրը, հայրը, տատը, պապը...
Երեխայի ծնվելուց հետո
էլ մոր և մանկան կապը շարունակվում է: Դա բնության մի անբացատրելի երևույթ է, օրենք (
ժպտում է)… Ես կարծում եմ, որ հենց այդ կապը, բնազդը, նպաստում է մայրական ճիշտ
դաստիարակությանը: Բայց ասեմ, որ անչափ կարևորում եմ հայրական խրատն ու խոսքը՝ որոշակի
հարցերի դեպքում:
5. Ընկեր Տոնյան արդեն 38 երկար
ու ձիգ տարիներ կրթում եք սերունդներին, տալիս հայեցի դաստիարակություն, ձևավորում
եք անհատականություններ: Այդ դժվար, բայց սիրով ու ջերմությամբ լի ճանապարհին, Դուք
անկասկած ականատես եք եղել ինչ որ զավեշտալի կամ հիշարժան դեպքերի: Կպատմե՞ք այն պատմությունը, որն ավելի շատ է տպավորվել Ձեր հիշողության, ենթագիտակցության մեջ:
Իրավացի եք: Դեպքերն ու
իրադարձությունները շատ են, բոլորն էլ հիշում եմ, իմ սրտի անկյունում յուրաքանչյուր
պատմություն իր ուրույն տեղն ունի, յուրաքանչյուր պատմություն սրտիս գաղտնարանում անթեղված
մի գանձ է: Ահա դրանցից մեկը՝
Մայրենիի դասաժամին իմ բալիկների հետ խոսում էի հայրենասիրությունից, անձնվեր ու անմնացորդ
հայրենի եզերքին ծառայելուց, դասասենյակում մեծ ոգևորություն էր տիրում: Հայրենասիրությամբ
առ լեցուն այդ միջավայրում հանկարծ դուռը բացվում է, և ներս են մտնում իմ նախկին, արդեն
բանակից զորացրված սաները՝ զինվորական համազգեստներով… Պատկերացնու՞մ եք իմ ապրումները,
դրանք աննկարագրելի զգացողություններ էին, որոնք ցայսօր անջնջելիորեն դրոշմված են իմ
հիշողության մեջ:
6. Կա՞ մի բան, որ չասվեց զրույցում:
Ես սիրում և հիշում եմ
իմ բոլոր աշակերտներին, նրանք ընդմիշտ մնում են ինձ հետ, իմ մտքում: Գիտե՞ք, ես աշխարհի
ամենաերջանիկ մարդկանցից մեկն եմ. Երջանկությունը այն չէ, ինչ շոշափելի է և տեսանելի,
այն ավելի վեհ ու բարձր գաղափար է: Ես երջանիկ եմ, որովհետև տեսնում եմ իմ տքնաջան
աշխատանքի քաղցր պտուղները: Սաներս կայացած անհատներ են: Հասարակության և ազգի համար
պիտանի մարդիկ… Էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար, կարծում եմ՝ ոչինչ:
7. Ձեր պատգամը:
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես
Թումանյանի խոսքերն են.
«Ամենադժվար մասնագիտությունը
մարդ դառնալն է »:
Մարդ դարձե՛ք և մարդ մնացե՛ք,
մարդի՜կ:
Թույլ տվեք նաև հնչեցնեմ բլից հարցերը.
1. Գիրք, որը պարտադիր պետք է կարդալ:
Աստվածաշունչ:
2.Ձեր գույների ներկապնակում ո՞ր երանգին եք նախապատվություն տալիս:
Գրեթե բոլոր՝ դեղին, կարմիր, սպիտակ:
3. Ձեր երազանքը:
Շարունակել կրթել և դաստիարակել նոր սերունդների:
4. Բառ, որը հաճախ եք օգտագործում Ձեր առօրյայում:
Բալիկներս: ( ժպտում է)
Շնորհակալություն բովանդակալից և միևնույն ժամանակ հագեցած
հարցազրույցի համար:
Հարցազրույցը վարեց Մարի Եգորը


Комментарии
Отправить комментарий