«Այն ինչով զբաղվում եմ, չեմ ընկալում իբրև գործ, ես դրանով ապրում եմ…»


1. Արմեն,Հայաստանում  Դուք  ունեք  Ձեր Mnacakanyan Production -ը: Կպատմե՞ք՝   ինչպե՞ս ստեղծվեց  այն և  այժմ ի՞նչ աշխատանքներ է իրականացվում:
Երբ Mnacakanyan-Production-ը նոր էր սկսում իր աշխատանքները, միայն գործիքավորումներ էի անում, հետո արդեն գործունեությունը ընդլայնվեց. սկսեցի  երգեր գրել,   տեսահոլովակներ  նկարահանել, մոնտաժ, և այդ ամենը մենակ,  արդեն այսօր Mnacakanyan Production -ը ակտիվ գործունեություն է ծավալում՝ համագործակցելով մեծ կազմակերպությունների հետ.  համերգներ ենք կազմակերպում, գովազդային շուկայում հոլովակներ ենք  նկարահանում,  նաև 2017 թվականին ստեղծեցինք հեղինակային հաղորդում, որը կոչվում էր  «Թեյի շուրջ»:

2. Արմեն Մնացականյան ստեղծագործողի, և առանձնապես  ռեժիսորի մտքերը լսարանի պահանջարկին համահունչ են, թե՞ ամեն դեպքում  ստեղծագործելիս լսարանի բազմաճաշակ լինելու  գործոնը հաշվի առնելով՝  զիջումների  եք գնում:

Իհա՛րկե ոչ միշտ են համահունչ, և ես մեծամասամբ ստեղծագործում եմ իմ պատկերացումներով ու երևակայությամբ,  բայց,  անշուշտ,  հաշվի եմ առնում նաև լսարանի պահանջները, ճաշակը, այդ պահի թրենդը:

3.Այս ոլորտում Ձեր առաջին աշխատանքը  ո՞րն է եղել և եթե հիշում եք, ի՞նչ արձագանքներ է ունեցել:

Այո՛, իհարկե հիշում եմ, «Մարիամ» երգը, որը իսկապես շատ սիրվեց ու մեծ արձագանքներ ունեցավ:









4.Հայաստանում և արտերկրում տարին առնվազն մեկ - երկու  անգամ  տարբեր ձևաչափերով (ֆորմատներով) մրցանակաբաշխություններ  են կազմակերպվում:  Ձեր ստեղծագործությունները, նկարահանած տեսահոլովակները ի՞նչ մրցանակների են արժանացել, և հետաքրքիր է ստեղծագործող մարդու համար մրցանակներն ի՞նչ նշանակություն ունեն:




Իմ կյանքում շատ են եղել մրցանակները տարբեր անվանակարգերում՝ «Տարվա լավագույն գործիքավորղ»,   «Տարվա երիտասարդ ռեժիսոր»,  «Տարվա լավագույն տեսահոլովակ»,  նաև բազմաթիվ շնորհակալագրեր, և իհարկե,  երբ հասկանում ես, որ քո  արած  նույնիսկ փոքր աշխատանքը արժանանում է դրական արձագանքի` տվյալ դեպքում մրցանակի տեսքով, դա շատ հետաքրքիր  զգացողություն է ստեղծադործողի համար:


5. Փորձ եղե՞լ է Ձեր  ստեղծագործությունները (product-ը) ռուսական կամ  արտասահմանյան շուկա տեղափոխելու, կամ որոշակի համագործակցություն տեղի  երգիչ-երգչուհիների  հետ:


Այո՛, նման մի քանի հետաքրքիր համագործակցություններ  եղել են HammAli & Navai հետ, նաև ունեմ երգ՝ գրված հատուկ Անաստասիա  Բրուխտիի համար:



6. Ա՛յ հետաքրքիր է դրսի արտիստների պահանջները աշխատանքի ժամանակ ինչպիսի՞ն են, շա՞տ են տարբեր  հայաստանյան արտիստների պահանջներից:

Մերոնք ավելի բծախնդիր են, երգերը բարդ են ու խորիմաստ: Դրսում ավելի հասանելի ու թեթև ոճ են նախընտրում:


7. Գործունեության ընթացքում  հեղինակած բազմաթիվ երգերից կա՞ մեկը, որ Ձեզ համար յուրահատուկ է:

Այն ինչ ես անում եմ, չեմ ընկալում իբրև գործ, ես դրանով ապրում եմ, դրանք բոլորն էլ  յուրահատուկ  են ինձ համար, կդժվարանամ առանձնացնել:



8. Ինչպիսի՞ն եք Դուք աշխատանքային գործընթացում, խստապահա՞նջ եք Ձեր գործի հանդեպ:

Չափազանց բծախնդիր եմ, ինձ համար աշխատանքային գործընթացում չկան մանրուքներ, ամեն բան շատ էական ու կարևոր է, բայց տեսակով բարդ մարդ  չեմ:

9. Ի՞նչ ծրագրեր, ակնկալիքներ ու ցանկություններ կան ապագայի համար:

Բազմաթիվ են ծրագրերը, այս պահին պատրաստվում ենք լիամետրաժ ֆիլմ նկարահանել, սակայն փակագծերը չեմ բացի:

Комментарии