
Ստեղծագործող Սիլվա և Սիրանուշ Մանուկյաններ քույրերին գրկաբաց
ընդունեցին Նուբարաշենի գրադարանի ընթերցողները, ովքեր մեծ հետաքրքրությամբ զրույցի
էին բռնվել հյուրերի հետ: Անվերջ հնչող ստեղծագործությունների, երգերի և հետաքրքիր
հարց ու պատասխանի միջոցով բացահայտեցին գրող քույրերին:

Բանաստեղծուհի Սիլվա Մանուկյանը, ներկաների հետ կիսվեց իր անցյալի
վառ հուշերով: Նույնիսկ պատմեց, թե ինչպե՞ս է առաջին անգամ ստեղծագործել: Ոգևորվելով
երեխաների ելույթներից, ստեղծագործողն ինքը ևս ներկայացրեց իր ստեղծագործություններից
և ասմունքեց հյուրընկալող ընթերցողների համար: Հանդիպման ողջ ընթացքում գրողը երեխաներին
հորդորում էր՝ երբե՛ք չլքեն հայրենիքը:

Մնան
և զարգացնեն հայոց հողն ու ջուրը: Հատկանշական է նաև այն փաստը, որ գրողի աչքերում
երևացին արցունքի կաթիլներ, որոնք էլ համեստորեն
թաքցնում էր Սիլվա Մանուկյանը:
Ներկաների խնդրանքով իր ստեղծագործությունները մեծ ոգևորությամբ
ներկայացրեց նաև Սիրանուշ Մանուկյանը: Խնամքով պայուսակից հանելով նոթատետրը, կարդաց
իր ամենասիրելի բանաստեղծությունը:
Այնուհետև ընթերցողները գրողից պահանջեցին երկրորդ,
երրորդ ստեղծագործությունները, որոնք տիկին Սիրանուշը անտրտունջ կարդում էր և ամեն
գրված բառը արտաբերելիս, հիշում էր ստեղծագործության նախապատմությունը և պատմում ունկնդիրներին:
Տիկին Փառանձեմը՝ Նուբարաշենի գրադարանի տնօրենը, սիրով համաձայնել
և ընդունել էր մեր հրավերը, կազմակերպելով փոքրիկ, բայց բովանդակալից հանդիպում:
Եվս
մեկ անգամ ապացուցելով ներկա հյուրերին, որ
կարևոր չէ դահլիճի մեծությունը և անհամար հյուրերի շարքը, ինչպես հաճախ կազմակերպում
են նմանօրինակ հանդիպումները: Կարևորն այն
է, որ ընթերցողը հանդիպի գրողին, խոսի նրա հետ, կիսվի կարծիքներով և տվյալ օրվանից իր հետ տանի
մի փոքր պատառիկ:
Դե իսկ մենք, կողքից լուռ հետևում էինք Մանուկյան քույրերի ոգևորված հայացքներին: Համոզված ենք, որ նրանք էլ
իրենց հետ տարան անսահման հուշեր և երիտասարդ ու խանդավառ ժպիտներ:
Իսկ վերջում հայտնենք շնորհակալություն Նուբարաշենի գրադարանի
տնօրենին և աշխատակցին հաճելի հանդիպման համար: Իսկ ռեպորտաժը կցանկանայինք ամփոփել տիկին Սիլվայի խոսքերով.
Ամառ ու աշուն ինչպե՞ս են գալիս,
Ինչպե՞ս են գնում, մարդ չի նկատում,
Ինձ համար այստեղ
Ամառն էլ անգամ ձմեռ է թվում:
Սիլվա Մանուկյանի մասին կարող եք տեսնել նաև
Նյութը պատրաստեց Արամ Խաչատրյանը /ԱՐԽԱ/



Комментарии
Отправить комментарий