Հաճելի հարցազրույց, որը ծնվեց մի ակնթարթում: Մարդու տեսակ, ում ուզում են նմանվել շատերը: Մեծ սրտի և հոգու տեր Ջավահիր Եղիկյանն, ով հանդիսանում է «Ես կամ» նախագծի սցենարիստ - հեղինակը, ինչպես նաև պրոդյուսերը, անկեղծացել է մեզ հետ: Իսկ թե ի՞նչ տեղի ունեցավ Գյումրիի մանկատներից մեկում, ընկերները բնավորության ո՞ր գծի համար են շփվում նրա հետ և ինչպիսի՞ն է Ջավահիր Եղիկյանի տղամարդու իդեալը, կիմանաք կարդալով հարցազրույցը: Համոզված եմ, որ նյութին ծանոթանալուց հետո էլ ավելի շատ եք սիրելու նրա մարդ տեսակը:
Ջավահիր Եղիկյանն ինչպիսի՞ն է կյանքում, և ինչպիսի՞ն է աշխատավայրում:
Կյանքում հումորով եմ և հանգիստ, իսկ աշխատավայրում՝ պահանջկոտ և խիստ:
Բնավորության գիծ, որը արժևորում եք Ձեր մեջ:
Պատասխանատվությունն ու աշխատասիրությունը
Ի՞նչ է նշանակում «Ես կամ»:
ԵՍ ԿԱՄ- նկատի՛ր ինձ և մի՛ եղիր անտարբեր:
Սերը Ջավահիրի պատկերացմամբ:
Սերն անմնացորդ նվիրվելն է, անսահման հավատալն է ու անվերջ վստահելը… երանի կարողանայի ՍԻՐԵԼ:
Երեխաների հետ աշխատելով կարևորությունը տալիս եք...
… որ երեխաները վստահեն ու հավատան ինձ
Արարք, որի մասին դեռևս չեք բարձրաձայնել:
Հիմա չեմ ասի, որովհետև դրա մասին մի օր հաստատ խոսելու են մարդիկ:
Ո՞վ կամ ի՞նչը կարող է ստիպել Ջավահիրին լքել սիրելի հայրենիքը:
Երևի սերն ու սիրած անձնավորությունը
Եթե իմանայիք, որ Ձեզ մնացել է ապրելու մեկ օր (բնականաբար ցանկանում ենք երկար տարիների կյանք Ձեզ), ի՞նչ կանեիք այդ մեկ օրում:
Կգեղեցկանայի, կհանգնեի ամենավառ գույներով շքեղ զգեստս, կբարձանայի տանիք, բարձր երաժշտություն կմիացնեի ու մինչև վերջին պահը կպարեի:
Ո՞րն է Ջավահիրի երազանքների ասպետի իդեալը:
Իմ տղամարդը պետք է լինի խելացի, հումորով և նվիրված /թե ինձ, թե սեփական սկզբունքներին/
Ի՞նչ է հավատքը Ձեզ համար:
Աստծո հետ ավելի մոտ լինելու ձգտումը:
Ընկերների հետ շփման արդյունքում նկատե՞լ եք, թե ո՞ր բնավորության գծի համար են շփվում Ձեզ հետ:
Այո… ասում են դա իմ հումորի զգացողությունն է և դիմացինին որևէ կերպ օգնելու ցանկությունը:
Համբերությունը սպառվելու դեպքում ի՞նչ կարող եք անել:
Արել և շարունակում եմ անել… ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ /դեռ չգիտեմ դա լավ է, թե՞ վատ/
Տխուր պահերին ո՞ւմ եք վստահում առաջին հերթին:
Տխուր պահերին խնայում եմ բոլորին և դրա համար էլ չեմ կարողանում կիսվել:
Ի՞նչ եք հասկանում «բարեգործ» ասելով:
ԲԱՐԵԳՈՐԾ – ը ուժեղ ու ազնիվ մարդն է, ով օգնում է առանց սպասելիքների:
3 բան, որոնք ձեր կյանքը փոխել են լիարժեք:
- Ընտանիքիցս թաքուն ընդունվեցի թատերական ինստիտուտ /ընտանիքս դեմ էր/
- Վստահություն ձեռք բերեցի երեխաների մոտ
- Հավատ ձեռք բերեցի մարդկանց մոտ /հեռուստադիտողների/
Խնդրում եմ շարունակել միտքը. «Իմ կյանքը լիարժեք չէր լինի, եթե ...»
Հանգիստն անցկացնելու Ձեր տարբերակը:
Ինձ համար, եթե հանգիստ, ուրեմն՝ ծովափնյա:
Կա՞ բան, որի մասին կցանկանայիք բարձրաձայնվեր զրույցի ընթացքում:
Մի անգամ Գյումրիի մանկատներից մեկում ԵՍ ԿԱՄ-ի թիմով նկարահանման էինք, երբ լսեցի հերթական երեխայի տխուր ու ազդեցիկ պատմությունը, հենց իր մոտ, անկախ ինձնից լաց եղա: Երեխան մոտեցավ ինձ ու ասաց.
- Այ քեզի բան, ես էլ գիդեի ղայդով, ուժեղ աղջիկ ես, ընգերուհիներիս կըսեի ըմբես գուզեմ իրա նման էղնիմ օր… ամո՛թ է, ամոթ, քեզի չի սազե: Հավատացեք, շատ տպավորվեցի այդ խոսքերից, ու հենց Էդ օրվանից սկսած դարձա ավելի կամային ու փորձեցի լինել էդ փոքրիկի պատկերացրած ՈՒԺԵՂ ՈՒ ՂԱՅԴՈՎ ԱՂՋԻԿԸ…
Ցանկանում եմ, որ մարդիկ հաշտ ապրեն սեփական անձի հետ, այդ ժամանակ կլինեն և՛ խաղաղ, և՛ երջանիկ: Եվ երբե՛ք չմոռանան ՇՆՈՐՀԱԿԱԼ լինել…
Եվ վերջո՞ւմ...
Եվ վերջում բոլորս կհամոզվենք, որ «ԵՍ ԿԱՄ» նախագիծը, իսկապես, ճակատագրեր է փոխում…
Շնորհակալ ենք հաճելի զրույցի համար: Ձեզ ստեղծագործական նորանոր վերելքներ:
Հարցազրույցն անցկացրեց Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ







Комментарии
Отправить комментарий