«եթե ճիշտ աշխատենք, անպայման կունենանք հետաքրքիր և լավ կերպար» - Գոհար Ավագյան


Մեծ պատվով անցկացրեցի զրույցը, քանզի քաջ գիտակցում էի, որ դիմացս գտնվողը կյանքի մեծ ուսուցիչ է: Մեր հյուրը սիրով համաձայնեց մասնակցել բլից հարցմանը, սակայն այս անգամ ոչ թե նա էր լարված, այլ՝ ես: Գիտակցում էի, որ իրավունք չունեի, սակայն... 
Շնորհակալ եմ, որ միշտ ինձ հետ եք, իմ կողքին: Մեծ պատվի է արժանացրել Աստված, որ ինձ հնարավորություն է տվել շփվել Ձեզ հետ: «Անկեղծությունը ստվերում» նախագծի շրջանակներում հյուրընկալվել է պրոդյուսեր Գոհար Ավագյանը:



Աստծուն հանդիպելիս ի՞նչ կասեիք:

Կասեի, որ շնորհակալ եմ և մեղքերիս համար ներում կխնդրեի:

Ի՞նչ է Ձեզ համար հավատքը:

Ամենակարևորը՝ կյանքի շարժիչ ուժը:

Սիրելի եղանակը:

Ամառ

Սիրելի քաղաքը, որտեղ չեք եղել:

Շատ եմ սիրում Գյումրին, բայց չեմ եղել Փարիզում, կցանկանայի այնտեղ էլ լինել:

Ո՞ր ֆիլմին կամ ստեղծագործությանը կնմանեցնեիք Ձեր կյանքի պատմությունը:

Այդքան իմ կյանքը չէ, որքան մայրիկիս և տատիկիս պատմությունը կնմանեցնեի «Հին օրերի երգը» ֆիլմին:

Ինչպե՞ս եք վայելում Ձեր կատարյալ հանգիստը:

Լիարժեք հանգստի ամենալավ միջոցը թոռնիկներիս հետ զբաղմունքն է:

Ձեր ամենատարօրինակ սովորությունը:

Ճիշտ չեմ լինի, եթե ասեմ տարօրինակ սովորություն, քանի որ սիրում եմ սովորեցնել երեխաներին, դրա հետ կապված էլ  մի փոքր ավել եմ խոսում:
/ժպտում է/


Լարված ժամանակ ինչպե՞ս եք հանգստացնում ինքներդ Ձեզ:

Երաժշտություն եմ լսում, իսկ  ավելի հաճախ «դնդում եմ քթիս տակ» (ինչպես կասեն մեր մեծերը):

Ինչի՞ց է վախենում տիկին Գոհարը:

Աստծուց և նրա դատաստանից

Արյդո՞ք պունկտուալությունը ճիշտ և կոռեկտ մարդու վարկանիշ է:

Շատ լավ վարկանիշ է, սակայն մարդ կարող է կոռեկտ լինել, բայց ոչ պունկտուալ: Պունկտուալ մարդու առավելությունը ժամանակը ճիշտ օգտագործելու  կարողությունն է:

Անցյալ վերադառնանք, եթե դեմ չեք: Ի՞նչ խենթ քայլերի եք դիմել Ձեր սիրելիի համար:

Փորձել եմ փրկել նրա կյանքը՝ ազատել մահից, սակայն այդպես էլ չստացվեց:

Իսկ հավատու՞մ եք, որ մահից հետո կյանք կա:

Անպայման կա: Ցանկանում եմ, որ մենք  հասցնենք մեր մեղքերի համար թողություն խնդրենք Աստծուց և նրա  ներմանն արժանանանք, որպեսզի կարողանանք վայելել դրախտային երանությունը:

Ըստ Ձեզ, մեր օրերում կա՞ իսկական սեր ասվածը, թե այնուամենայնիվ դրանք ստեղծված են ֆիլմերում և գրքերում: 
/Բերել շրջապատից օրինակ/

Կա և հավերժ է, սակայն հավելեմ՝ սեր + հարգանք: Միայն սիրելը քիչ է և նույնն էլ հակառակը: Պետք է երկուսն էլ իշխեն: Վառ ապացույցը՝  իմ աղջիկների կազմած ընտանիքները, իսկ  նրանցով ես և՛ հարուստ եմ, և՛ ուրախ եմ, և՛ հպարտ:

Հարցս ուղղեմ Ձեզ, որպես պրոդյուսերի: Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի արտիստը, որ բեմում հանդիսատեսին  կարողանա ներկայանալ:  /նշել մինիմում 3 հատկանիշ/

Առհասարակ բեմ պետք է բարձրանա այն անհատը, ով ունի Աստվածատուր շնորհ, խարիզմա և անկեղծություն:

Իսկ, եթե փորձենք գնահատել 1-10 բալանի համակարգով, ինչքա՞ն միավոր կտաք այսօրվա շոու-բիզնեսին:

Միանշանակ կգնահատեմ շատ բարձր: Շոու-բիզնեսն ընդհանուր մի մեծ ընտանիք է, որի մեջ կան տարբեր ոճային խմբեր՝ երգի, պարի, դերասանության, հաղորդավարության, և նրանք բոլորն էլ աշխատում են շատ, և անկախ նրանից՝ ինձ, քեզ, մյուսին, որևէ բան դուր գալիս է,  թե չէ, միևնույն է, այդ բոլորը մեծ աշխատանքի արդյունք է, և ես գնահատում եմ 10-ից 10-ը:


Անձամբ ինձ (կարծում եմ նաև ընթերցողներից շատերին) հետաքրքիր է նաև Ձեզ պես մասնագետից իմանալ. Մանկական շոու-բիզնեսում երկրորդ Լիդուշիկ տեսնու՞մ եք: Չէինք ցանկանա նրան առանձնացնել, բայց փաստ է, որ Լիդուշիկը, ինչու չէ նաև իմ սերնդակիցների մանկության գույներից է:

Կամա, թե ակամա Լիդուշիկը իրոք ստեղծեց երգչուհու մի կերպար, որը դարձավ փոքրերի աշխարհի սիրելին: Նրա անունը ընդհանրացվում է մանկական երգերի, մանկության գեղեցիկ և վառ գույների հետ: Եվ այս ամենը որպես և՛ տատիկ, և՛ պրոդյուսեր շատ հաճելի է: Իսկ հարցը, թե տեսնու՞մ եմ երկրորդ Լիդուշիկ, պատասխանս այսպիսին կլինի, որ պետք չէ երկրորդ Լիդուշիկ: Ես մտածում եմ, որ պետք է լինի ուրիշ մի անհատականություն՝ հետաքրքիր մի նոր կերպար, չկրկնվող, պարզապես լինի դարձյալ մանկական պարզությունն ու մաքրությունը, ներդաշնակ այնպես, ինչպես Լիդուշիկը: Լիդուշիկն այսօր 20 ամյա աղջիկ է, բայց դա չի խանգարում նրան մնալ դարձյալ փոքրերի աշխարհի սիրված բնակիչ:
Նոր կերպար  ունենալու համար մենք ունենք բավականին մեծ բանակ մանկական շոու-բիզնեսում, և եթե ճիշտ աշխատենք, անպայման կունենանք հետաքրքիր և լավ կերպար:

Ի՞նչ հարց կցանկանայիք տեսնել մեր հարցաշարում:

Ուզում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը միշտ մնա հայ, հիշի որ մեր երակներում արիական արյունն է հոսում և մենք իրավունք չունենք շեղվելու այդ ճանապարհից: Պետք է չուրանանք մեր հավատը և հայկական մտածողությունը: Դրա համար հարցս կձևակերպեմ այսպես. Հպա՞րտ ես, որ հայ ես, և ինչու՞:

Գաղտնիք, որը կբարձրաձայնեիք մեր զրույցի ընթացքում:

Չասեմ, որ այն գաղտնիք է: Ես ամեն օր աղոթում եմ բարձրյալին և շնորհակալ լինում ամեն պահի համար: Շնորհակալ եմ լինում այն մարդկանց, ովքեր առաջին հերթին ուրախանում են իմ երջանկությամբ: Ինձ համար սրտացավ մարդիկ առաջինն ուրախություն կիսողներն են, ապա միայն տխրության և նեղին հասնողները: Ես օրվա վերջում աղոթում եմ նաև նրանց համար, ովքեր մի ջերմ խոսք են ասել  ինձ, ժպիտ են պարգևել: Կուզեմ, որ Աստված բոլորին պահապան լինի:



Եվ վերջում…

Այսպես ասեմ. Հազարամյակների պատմություն ունենք: Մենք առաջինն էինք, որ Քրիստոնեությունն ընդունեցինք պետականորեն, առաջինն էինք, որ ԽՍՀՄ-ի նման գերպետությունից պայքարելով առանձնացանք, և արդեն շուրջ 27 տարի է ունենք ազատ, անկախ Հայաստան: Սակայն մենք դարձյալ պայքարեցինք, որպեսզի էլ ավելի լավ ապրենք, մաքրենք մեր արատավոր սովորությունները, և աշխարհում դարձյալ առաջինն ենք ու դեռ միակը, որ իրականացրեցինք թավշյա հեղափոխություն՝ սիրո ու վեր պարզած բաց ձեռքերով: Ու աշխարհին ապացուցեցինք, որ մենք միասնական ենք, մենք միշտ պետք է լինենք առաջ գնացողի դերում: Շնորհակալ եմ, որ զրույցի ընթացքում հնարավոր դարձավ բարձրաձայնել այս խոսքերը:

Շնորհակալ ենք զրույցի համար:

Հարցազրույցն անցկացրեց Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ

Комментарии