Երբեք չպետք է ինչ-որ բանի հասնելու համար կորցնել մանկությունը - Ռուզաննա Սահակյան


Այսօր «Արխա բլոգ» -ի զրուցակիցը փոքրիկ  տաղանդավոր երգչուհի Ռուզաննա Սահակյանն է, ով կարճ ժամանակահատվածում հասցրել  է իր տաղանդով ու արտիստիզմով գրավել  շատ-շատերին, և հաջողություններ գրանցել:




  1. Ինչպե՞ս է սկսվում փոքրիկ Ռուզաննայի օրը:
Ինչպես իմ տարիքի բոլոր երեխաները, ես նույնպես, արթնանում եմ, շտապում դպրոց. այ հետո սկվում է իմ բուռն օրը:  Չերկարացնելով ասեմ, որ իսկապես շատ զբաղված եմ լինում, հաճախում եմ երգի, պարի, հաղորդավարական դասերի, այս ամենի հետ ես  հասցնում եմ մասնակցել մշտական համերգների, նաև 21tv հեռուստաընկերությունում վարում եմ «Աստղային ժամ»  հաղորդումը:

  1. Ի՞նչ  համերգների ես մասնակցել և ի՞նչ հաջողություններ ես գրանցել:
Ընդամենը երկու ամիս է՝ սկսել եմ երգել, բայց արդեն  հասցրել եմ մասնակցել մի շարք համերգների, մրցանակաբաշխությունների: Հաջողություններ բնականաբար հասցրել եմ գրանցել արդեն: Վերջերս  «Միջազգային ասոցիացիա» -ի կողմից կազմակերպած մրցանակաբաշխպության ժամանակ արժանացել եմ  «Տարվա հայտնություն» մրցանակին, այնուհետև շարունակելով բեմական  ուղին  կրկին արժանացել եմ նույն մրցանակին, այս անգամ Հ3 հեռուստաընկերության կողմից ՝ «Դո-ից Դո» հաղորդաման  մրցանակաբաշխության շրջանակներում: Արամ Խաչատրյան համերգասրահում մասնակցել եմ հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված մի շարք համերգների, ինչպես նաև մասնակցում եմ նկարահանումների Հ3 և 21TV հեռուստաընկերություններում: Ահա այսպես, դեռ երկար կարող եմ պատմել երգարվեստում  իմ երկամսյա  գործունեության մասին:


  1. Բակում խաղալու ժամանակ ունենու՞մ ես:
Ա՛յո, իհարկե ունենում եմ խաղալու ժամանակ, գուցե ո՛չ բակում, բայց մայրս անընդհատ ասում է, որ երբեք չպետք է ինչ-որ բանի հասնելու համար կորցնել մանկությունը, իսկ մանկությունը ինքնին խաղերն են, և ես չեմ ցանկանում շուտ  մեծանալ,  քանի որ համերգային ծրագրերից և նկարահանումներից զատ սիրում եմ մանկական խաղերս և ընկերներիս:


  1. Ո՞վ է առաջինը նկատել, որ դու երգարվեստում ճանապարհ ունես անցնելու:
Հայրս մինչև հիմա պնդում է, որ ես երգչուհի չեմ դառնա, մայրս  վստահ է, որ եթե չպետք է լինեմ լավագույններից մեկը, շարունակելն անիմաստ է  (այդպես են ասում՝ մտածելով, որ երգել սկսելու համար  9 տարեկանը ուշ է ), սակայն ամեն ինչ կանեմ՝ ապացուցելու համար, որ կարող եմ: Շատ եմ սիրում բեմը, ետնաբեմը, իմ նոր ու պուպուշ բեմական հագուստները և վստահ եմ, որ դառնալու եմ երգչուհի… չէ՜, կներեք, շատ սիրված ու վաստակ ունեցող  երգչուհի:


  1. Ինչպե՞ս ես քեզ պատկերացնում 10 տարի անց:
10 տարի անց ուզում եմ, որ ծնողներս զղջան, որ չէին հավատում ուժերիս, (ժպտում է) իսկ իրականում եկեք լռեմ, որ ժամանակը դառնա ընկերս ու քայլի իրական իմ քայլերով: Հուսամ՝ ինձ 10 տարի անց կրկին հարցեր կուղղեք, և ես այդ ժամանակ այսքան շփոթված չեմ պատասխանի, կլինեմ ավելի վստահ, թե՛ իմ, թե իմ անցած ուղու համար:


  1. Կա՞ն երգիչ- երգչուհիներ երգարվեստում  (հայկական, արտասահմանյան),  որոնց անցած ճանապարհը, ոճը,  քեզ համար օրինակ են և  հաջողությունների հասնելու խթան:
Ուզում եմ առանձնացնել Լիդուշիկին. սիրում եմ նրա աշխատանքները, Լիդուշիկի 4 տարեկանում երգած երգը լսում եմ այնպես, կարծես թե երեկ է գրվել, իրեն լսում են թե՛ մեծերը, թե՛ փոքրերը: Նաև սիրում եմ Սիրուշոյին՝  իր տարբերվող ոճի համար:


  1. Դպրոցում դու փոքրիկ «աստղ» ես, կամ առնվազն շատերը գիտեն,  որ իրենց հետ նույն դպրոցում սովորում է փոքրիկ տաղանդավոր երգչուհի Ռուզաննա Սահակյանը: Դե՛ ի՞նչ, քեզ դու՞ր է գալիս հայտնիության փայլը կամ առնվազն դրա հեռանկարը ապագայում:
Դպրոցում ինձ ավելի շատ ճանաչում են  «Աստղային ժամ» հաղորդումից, և հետո միայն, երգչուհի: Ինչ խոսք, հաճելի է, բայց ես չեմ բավարարվում. ուզում եմ, որ ո՛չ միայն դպրոցում կամ անգամ Երևանում, Հայաստանում ինձ ճանաչեն, այլ ամբողջ աշխարհում:


Շնորհակալություն անկեղծ ու հետաքրքիր զրույցի համար: Փոքրիկ Ռուզաննային մաղթում ենք հաջողություն և ասում.  շատ աշխատի՛ր ու երազի՛ր, որովհետև փոքրիկների երազանքները  կատարվում են առանձնահատուկ արագությամբ:

Комментарии