«Իսկական արվեստը հայրենիք չունի»




1.    Տիկին Նազելի, ինչպիսի՞ն է մերօրյա աշուղների հանդեպ վերաբերմունքըարդյո՞ք բավականաչափ ուշադրության արժանանում է Ձեր արած գործը  լրատվամիջոցների, պատկան մարմինների, նաև հայ ժողովրդի կողմից:




Նորօրյա աշուղները ի հայտ են եկել վերջին 1-2 տասնամյակների ընթացքում։ Ժողովրդի մի ստվար մաս կարծում է, թե աշուղ Շահենով և  Աշոտով ավարտվել է աշուղական արվեստը։ Բայց ինչպես կարող էր սիրո արվեստը ավարտվել,մեր ժողովուրդը շատ է սիրում այդ երգերը։ Իհարկե, շատ լավ կլիներ, որ նորօրյա աշուղները նույնպես մեկնաբանվեին հայ դասական աշուղների նման։
 Բոլորի մասին չեմ կարող ասել, բայց իմ երգերը սիրված և տարածված են, ոչ միայն հայրենիքում, այլև սփյուռքում:

2.    Ի վերջո Ձեզ գնահատված համարու՞մ եք:
Արդեն 37 տարի է`երգում եմ, իսկ վերջին 20 տարին նաև ստեղծագործում եմ։ Իմ երգերը հնչում են ամենուրեք, ամենառեյտինգային երաժշտական նախագծերում՝ և՛ երիտասարդ, և՛ վաստակավոր երգիչների կատարմամբ։ Ոչ մի պետական պարգև կամ կոչում չեմ ստացել։ Բայց ժողովուրդը սիրում և երգում է իմ երգը. Սա է իմ գնահատականը:
3.    Եթե Դուք ունենայիք պաշտոնական դիրք ու բավականաչափ լիազորություն,  ի՞նչ քայլեր կձեռնարկեիք,  որպեսզի աշուղական արվեստը լայն տարածում ունենա:
Ես կարծում եմ, որ կարելի է կազմել երաժշտագետների մի հանձնախումբ, ովքեր կվերահսկեին և պատշաճ մակարդակով կմատուցեն ոչ միայն աշուղական, այլև հայկական ժողովրդական երգը։ Այսօր եթերները ողողված են օտարահունչ երգերով, որ օտարացնում է նոր սերնդին, հեռացնում ազգային մտածողությունից. բոլորս գիտենք, թե դա որքան վտանգավոր հետևանք ունի։

4.    Ստեղծագործելու համար Ձեզ պայմաններ հարկավո՞ր են:
Ստեղծագործելու համար մուսա է հարկավոր:

5.    Ո՞վ է  աշուղ Նազելին ստեղծագործական աշխարհից դուրս:
Ես անընդհատ ստեղծագործում եմ. և՛ կենցաղում, և՛ կյանքում շատ տարբեր չեմ:

6.    Ձեր հեղինակած երգերից շատերը կատարում են երիտասարդ ժողովրդական երգիչներ: Ի՞նչ նշանակություն ունի դա երիտասարդ աշուղի համար:
Ուրախալի է, որ  երիտասարդների մի մեծ բանակ ունենք, ովքեր երգում են հայկական ժողովրդական երգը, շարունակում են ավագների ավանդույթը։ Իսկ երբ իմ երգերն են երգում, հոգիս փառավորվում է, ուրեմն իզուր չէ իմ ջանքը:

7.    Չնայած մի շարք հանգամանքների՝ այնուամենայնիվ ակնհայտ է, որ ժողովրդական- աշուղական արվեստը միշտ ունեցել է  ու կունենա իր հարթակն ու լսարանը: Ինձ հետաքրքիր է ի՞նչ համերգային ծրագրերի եք մասնակցում Հայաստանում,  Հայաստանից դուրս:
Ես բուռն ստեղծագործական գործունեության մեջ եմ. համերգներով ելույթ եմ ունենում հայրենիքում և Սփյուռքում։ Ջերմ ընդունելության եմ արժանանում, ոգեշնչվում, հպարտանում, որ մեր ժողովրդի մշակույթի մի մասնիկն էլ իմ երգն է։ Առանձնահատուկ երջանկություն է, երբ իմ երգերը գիտեն և երգում են աշխարհի շատ երկրներում ապրող մեր հայրենակիցները։

8.    Հետաքրքիր է, արդյո՞ք հեղինակում եք երգեր կոնկրետ երգիչ-երգչուհիների համար, եթե այո, հաշվի առնում եք նրանց ձայնային հնարավորությունները:
Այո, ես համագործակցում եմ երգիչների հետ, ամեն երգչին ցուցաբերում անհատական վերաբերմունք:

9.    Առաջիկայում սպասվում է աշուղ Նազելիի հեղինակային երգերի մրցույթ- փառատոն: Մեր ընթերցողներին մի փոքր կմանրամասնեք՝ ինչի՞ մասին է խոսքը:
Վիվարտ մշակութային հասարակական  կազմակերպությունը հայտարարել է աշուղ Նազելիի երգերի մրցույթ՝ նպատակ ունենալով բացահայտել նոր  երգիչների.  օգնել, ոգևորել նրանց, ովքեր ցանկանում են երգել, լավագույններին կտրվի մրցանակներ, կկազմակերպվի համերգներ:

10. Ի՞նչպես եք վերաբերվում մշակույթի նախարարության լուծարմանը: 
Նախարարության լուծարումը կարող է որոշակի ազդեցություն ունենալ  մշակույթի ոլորտի վրա:
Հարկ է, որ պետությունը շատ լուրջ ուշադրություն դարձնի մշակույթին: Դա մեր ժողովրդի պատմությունն է, դիմագիծը, ուժը, աշխարհին ներկայանալու այցեքարտը: Եթե այս ամենը պետությունը կարող է անել առանց մշակույթի նախարարության, ուրեմն մի բան գիտեն:

11. Եթե վերանանք աշուղական արվեստի ժանրից, ինչպիսի՞ն են Ձեր ընկալումները  համամարդկային արվեստի մասին:
Ինչպես աշուղական, այնպես էլ ցանկացած արվեստ, պետք է ունենա ոչ միայն ազգային, այլ նաև համամարդկային արժեք: Իսկական արվեստը հայրենիք չունի: Մենք գնահատում ենք մեր արժեքները` համադրելով  համաշխարհայինի հետ: Այն ամենը, ինչ ճաշակավոր է, գեղեցիկ է, առինքնող է, արվեստ է. Ուրեմն՝ սիրելի է:



Комментарии