« Կարող են, լսել իմ երգերը, և կճանաչեն իմ հոգին, իմ ներաշխարհը »


1. Ինչպիսի՞ն է Մոնիկա  Նազարյանը առօրյայում, երբ անջատվում են լույսերն ու տեսախցիկները:

Երբ բեմում եմ, ես ունենում եմ ամենադրական զգացողությունները, դառնում եմ ավելի ինքնավստահ: Կարող եմ նույնիսկ ասել, որ ամենաիրական Մոնիկա Նազարյանը հենց բեմում է,  իսկ առօրյա կյանքում՝ այնտեղ, որտեղ իմ ընտանիքն է, ընկերներն ու հարազատները, ես դառնում եմ շատ հասարակ, պարզ,  բարի, մարդ, ով շատ  սիրում է արվեստ, բնություն, երաժշտություն, նկարչություն, լավ մարդկանց:
     2. Ինչպե՞ս է սկսվում օրը:

Օրս սովորաբար սկսվում է  11-ից հետո, և այնպես է ստացվում, որ օրվա մեծ մասը դրսում եմ անցկացնում՝ դասեր, հանդիպումներ, համերգների նախա-պատրաստություն, գնումներ, և այլն,  երեկոյան ուշ վերադառնում եմ տուն: Այն, ինչով մենք հագեցնում ենք մեր առօրյան, ինչով զբաղվում ենք, բեմում կատարյալ տեսք ունենալու համար է:
3. Ժողովրդական երգի միջոցով կարողանու՞մ եք լիարժեքորեն ինքնաարտահայտվել, թե՞ նման խնդիր չեք դնում Ձեր առաջ:

Ժողովրդական երգը բնութագրում է ինձ: Ինձ չճանաչողները կարող են  լսել իմ երգերը, տեսնել ինձ բեմում, և բեմին իմ վերաբերմունքը, այս ամենը բնութագրում է իմ հոգին, իմ ներաշխարհը, իմ տեսակը։

4. Ձեր կարծիքով ինչպիսի՞ն են ժողովրդական երգի նկատմամբ հասարակական տրամադրությունները:

Կարծում եմ՝ շատ դրական, որովետև ժողովրդականը շատ բարձր արվեստ է, որը մեր ժողովրդի, մեր ազգային նկարագրի կարևորագույն մասն է կազմում, չէ որ,  մենք աշխարհին  նաև մեր մշակույթով ենք ներկայանալի, և եթե ժողովրդական երգը չեն սիրում, կամ այս ժանրի մասին թյուր ըմբռնում կա, դա պարզապես տեղեկացված չլինելու, չլսելու արդյունք է, չնայած՝ իրենք էլ այդքան մեղավոր չեն, որովհետև շատ կարևոր է, որ հեռուստատեսությամբ, ռադիոեթերներով  շատ հնչեն ու քարոզվեն լավ, մաքուր, ճիշտ ժողովրդական երգիչների կատարումներ, և այդ պարագայում ժողովրդական երգը ավելի լսելի ու սիրելի կդառնա, որովհետև մեր արյան մեջ է և միշտ արդիական:
5. Ցանկություն կա՞ հանդիսատեսին ժողովրդական ժանրից դուրս, մեկ այլ ոճում ներկայանալու:

Հստակ պատասխանեմ՝ ոչ:  Դա ես չեմ, իմ ներաշխարհը չի: Ես սիրում եմ ամեն բան անել իդեալական, եթե ես ինչ-որ բան պիտի անեմ ու թերանամ կամ արդարանամ, չեմ անի, նաև չեմ ընդունում, երբ այլ ժանրի երգիչներ մոտենում են ժողովրդականին և չեմ վախենա ասել փչացնում են,  և շատերն էլ, նրանց լսելով կարծում են, թե ժողովրդական երգը հենց այդպիսի  վատ հնչողություն ունի, նաև սրանով պայմանավորված` մինչև վերջերս սխալ պատկերացումներ են ունեցել ժողովրդական երգի մասին. հատկապես երիտասարդները: Այսօր մենք ունենք բազմաթիվ տաղանդավոր ժողովրդական երգիչներ, ովքեր շարունակում են ավագ սերնդի գործը և ժողովրդական արվեստը ներկայացնում են ոչ միայն այստեղ, այլ նաև արտերկրում:  Այդպիսով՝ մենք փորձում ենք տարածել ու պահպանել մեր ազգայինը, և վստահ եմ՝ որ առաջիկա տարիներին ժողովրդական երգը առավել առաջնային կդառնա և ավելի շատ մարդկանց կգրավի:

6. Նշեցիք, որ կցանկանայիք՝ ժողովրդական երգը լավ, ճիշտ ներկայացնող երգիչները շատ պրոպագանդվեն: Այսօր կարծեք տենդենց կա՝ ժողովրդական երգը ներկայացնել ավելի նորացված՝  երբեմն ժամանակակից տակտերի, նոր գործիքների միախառնումով։ Հետաքրքիր է՝ այս մոտեցմանը Ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է։ Արդյո՞ք ժանրը կորուստ չի ունենում:

Իմ ներկայացրած  աշխատանքների մեծ մասը հենց այդպիսին է. Այսինքն՝ ստեղծագործության հիմքը մնում է նույնը, մեղեդուն ընդհանրապես  չենք դիպչում, բայց գործիքավորումը նորացնում ենք, ավելացնում ենք ժամանակակից, էստրադային գործիքներ: Իհա՛րկե կան հատկապես, աշուղական ստեղծագործություններ, որում գոնե մեծամասնությունը պիտի լինեն ժող-գործիքներ, որպեսզի երգի համը չկորի:

7. Իսկ Դուք ի՞նչ երաժշտություն եք նախընտրում լսել:

Ես  լսում եմ ամեն ինչ, ստեղծագործություններին մոտենում եմ որպես երաժիշտ, դրանցից լավագույնները սիրում եմ, սակայն ուզում եմ ասել, որ եթե ես լսում եմ ենթադրենք ջազ, բայց նույն պահին ժողովրդական երգ է հնչում, ես գնում եմ դեպի ժողովրդական:

8. Ի՞նչ հետաքրքրություններ, նախասիրություններ ունեք, որոնց մասին հանդիսատեսը չգիտի:

Կարծում եմ՝ հանդիսատեսը շատ բան չգիտի իմ մասին, որովհետև ես շատ չեմ սիրում խոսել իմ մասին, եթե նկատեք, կտեսնեք, որ սոցիալական կայքերում էլ իմ ընտանիքի, իմ անձնականի մասին տեղեկություններ, լուսանկարներ չկան: Ես ուզում եմ՝ հանդիսատեսը՝ որպես Մոնիկա Նազարյան երգչուհու գործունեությանը ծանոթ լինի , ոչ թե առօրյա կյանքին: Թերևս մի բան, որ քչերը գիտեն. ես սիրում եմ նաև նկարչություն և  նկարում եմ:












 Հարցազրույցը՝ Մանե Գասպարյանի

Комментарии