«Նայի որ խենթի տեղ ա դնում հա»-Լաուրա Յարիջանյան


Լաուրա, մեծ ուրախությամբ ողջունում եմ քեզ իմ տաղավարում։ Աշխատանքիդ բերումով ներկայանում ես հեռուստաէկրաններից այն կողմ, սակայն այս անգամ հերթը հասավ քեզ, որ աչքերիս նայելով անկեղծանաս։
Նախ թույլ տուր շնորհակալություն հայտնեմ, որ չես մոռացել ինձ, և կարծում եմ, շատ լավ առիթ է, որ միասին մի լավ «կբամբասենք»։
Այդ դեպքում առաջարկում եմ զրույցն սկսենք մանկությունից։
Նշեմ, որ աշխույժ ու չարաճճի երեխա եմ եղել՝ միշտ կռիվների մեջ, սիրում էի ֆուտբոլ խաղալ ու նույնիսկ երեխաներով ունեինք նախատեսված հատուկ ժամ։ Ես ու ընկերուհիս՝ Ինեսան, միշտ տղաների հետ էինք ֆուտբոլ խաղում, Առանց մեզ նրանք երբեք չէին խաղում,դե իսկ ես հիմնականում հանդես էի գալիս դարպասապահի կարգավիճակով։ Նաև «Ֆորտ բոյար» էինք  խաղում, որտեղ ամենաբարդ փորձություններն ինձ էր բաժին ընկնում։
Բակային խաղերից դասերդ չէ՞ր տուժում։ Դպրոցում ինչպիսի՞ երեխա էիր։ Կա՞ր սեր դեպի ուսումը։
Դպրոցում այդքան էլ խելոք աշակերտուհի չեմ եղել, երևի թե դա պայմանավորված էր նրանով, որ դասղեկս հորաքույրս էր։
Մշտապես դասից փախուստները ես էի կազմակերպում։ Իսկ առարկաներից սովորել եմ միայն նրանք, որոնք սիրում էի՝ ֆրանսերեն,ռազմագիտություն, իրավագիտություն, իսկ մնացյալ դասերից՝ խուսափել եմ։
Դպրոցին զուգահեռ որևէ այլ խմբակ հաճախու՞մ էիր։
Իհարկե, դաշնամուրի, շախմատի, դիզայներական դաընթացների էի հաճախում, ինչպես նաև զբաղվում էի սեղանի թենիս սպորտաձևով։ Դեռևս այդ տարիքում հասկացա, որ ինչքան ծանրաբեռնված ու բազմապրոֆիլ է լինում առօրյադ, այնքան շատ բան կարող ես հասցնել։
Լաուրա, իսկ ինչպե՞ս եղավ, որ հետագայում որոշեցիր արվեստի ճյուղն ընտրել և տարիներ անց արդյո՞ք  չփոխվեցին բնավորությանդ գծերը։
Մարդու ապրած յուրաքանչյուր օրվա հետ, փոխվում են բնավորության գծերը։ Իսկ արվեստի ճանապարհն ընտրելն այնքան պատահական եղավ։ Համարձակորեն կարող եմ ասել, որ բացարձակապես մեկ այլ ուղղությունով կշարունակեի ուսումս, եթե չհանդիպեի Պարոնյան թատրոնից շատերիս հայտնի և սիրելի Անի Քոչարյանին։ Նա հրավիրեց թատրոն, որտեղ ներկայացման փորձ էր, և ես նստած վայելեցի այն։ Այսպես մի քանի անգամ, և հասկացա՝ իմ կյանքում արվեստն էր պակասում։ Հենց այդ ընթացքում էլ որոշեցի և գործերս հանձնեցի Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրա բաժինը, որտեղ մինչ օրս սովորում եմ Էլբակյանների արվեստանոցում։
Եթե թույլ կտաք համալսարանից մի դեպք կպատմեմ։ Հերթական դասաժամից հետո պետք է գնաինք Խամաճիկների թատրոն՝ ներկայացում դիտելու։ Ընկեր Լիկան (Լիլի Էլբակյան) մի քանի ուսանողների առաջարկեց իր հետ միասին գնանք։ Ես նստել էի առջևում՝ իր կողքին, և վայրկյաններ հետո, երբ շարժիչը միացրեց, ընկեր Լիկան շրջվեց իմ կողմ ու շատ լուրջ դեմքով «Ամրագոտին կապի, խաչակնքվի՝ ես դեռ էդքան վարժ չեմ վարում մեքենան»։ Ամբողջ ճանապարհին աղոթում էինք Աստծուն, մինչև որ հասանք թատրոն։ Կարծում եմ ներկաներից ոչ մեկի մտքից այդ դեպքը երբեք չի ջնջվի։
Ուսմանդ հետ համատեղ աշխատում ես Շանթ հեռուստաընկերությունում։ Առաջարկն ինչպե՞ս եղավ և ընտանիքում արձագանքն ինչպիսի՞ն էր։
Մինչ առաջարկ ստանալը, փորձաշրջան էի անցնում Խամաճիկների թատրոնում, ու քանի դեռ չէր սկսվել փորձը, բակում նստած զրուցում էինք ու զանգ ստացա Անիից՝ ընկերուհուցս, ով տեղեկացրեց, որ նոր սկսվող  հեռուստասերիալի համար անհրաժեշտ է ռեժիսորի օգնական։ Առաջին հերթին ծնողներս դեմ եղան՝ հաշվի առնելով ոչ հստակ ժամային գրաֆիկը,սակայն հետո եղավ անխուսափելին, որն էլ ի վերուստ էր որոշված։ Ընտանեկան բանակցություններից հետո, մի կողմ դրեցի իմ մեջ բնակվող «վախի» զգացողությանը,  և ընդունեցի առաջարկն՝ իմ մասնաբաժինն ունենալով «Երկուսով» հեռուստասերիալի ստեղծագործական հսկայական փուլում։ Իսկ այժմ այդ աշխատանքները շարունակվում են «Արմատներ» հեռուստասերիալում՝ որպես երկրորդ ռեժիսոր, որն էլ հնարավորություն տվեց աշխատելու երեք չտեսնված դերասանուհիների՝ Լուիզա Ղամբարյանի, Ելենա Բորիսենկոի և Վիվյեն Բաստաջյանի հետ։ Այս մասնագիտության հետաքրքրությունը կայանում է նրանում, որ աշխատում ես այնպիսի անձանց հետ, որոնց սիրով ու հետաքրքրությամբ երկար տարիներ հետևել ես էկրաններից։
Համաձայնիր, որ որքան լարված և ծանր գրաֆիկով են անցնում նկարահանումներն, այդքան էլ հետաքրքրաշարժ դեպքեր են գրանցվում կադրից այն կողմ։
Իրականում այո, բավականին լարված ու ծանր է աշխատանքի ընթացքը, բայց իսկապես շատ-շատ են եղել ծիծաղաշարժ դեպքեր, թե՛ նկարահանումների ընթացքում, և թե՛ այդ ընթացքից դուրս։ Աշխատանքս ավագ սերնդի ներկայացուցիչների հետ բավականին հեշտ էր ընթանում՝ ընկերական ջերմ հարաբերություններ էին։ Անսահման ուրախ եմ, որ առիթ ունեցա աշխատելու նաև Նելլի Խերանյանի, Էվելինա Շահիրյանի և Ջուլիետա Բաբայանի հետ։
Տիկին Խերանյանին ճանաչելով, կարող եմ ասել, որ օրերդ հագեցած են եղել հումորով ու հետաքրքիր դրվագներով։ Ո՞րն  է ամենից շատ տպավորվել քո մեջ։
Տիկին Նելլի ներկայությամբ նկարահանումները մի մեծ տոն էր, ինչպես  իմ, այնպես էլ  նկարահանող ողջ անձնակազմի համար։ Հիշողությանս մեջ պահպանված հիշողությունների մեծ մասը կապված է նրա հետ, ում անսահման շատ եմ սիրում (անսահմանը ամենափոքր նկարագրող բառն է)։ 
Սահմանափակվեմ միայն մեկ դեպքով, բայց շատ կան լավ պատմություններ­­։
Նկարահանումները սկսեցինք գյուղի տեսարանով՝ 5 գիշերակացային նկարահանումներ, խենթություններով ու հետաքրքիր պահերով լի։ Բավականին ուշ ժամի էինք վերջացնում, և այնտեղ, որտեղ տեղի էր ունենում  նկարահանումները, բավականին ցուրտ էր, մյուս կողմից օդի փոփոխությանը դեռ սովոր չէինք։ Առաջին օրը, երբ վերջացրեցինք նկարահանումն ու գնացինք հյուրատուն, ինձ այդքան էլ լավ չէի զգում և պարզվեց ջերմություն ունեմ։ Տիկին Նելլին  իմանալով այդ մասին, ասեց, որ գնամ իր սենյակ, որպեսզի ջերմիջեցնող դեղահաբ տա։ Դուռը թակեցի, ասաց, որ առաջանամ ներս, իսկ հետո ավելացրեց․ «Էս տոպրակը տեսնու՞մ ես»,-դրական պատասխանս տեսնելով, շարունակեց,- «Ամբողջը դեղ ա, արի, որը սրտովդ անցնի, ընտրի ու խմի»։ Ես էլ շփոթվեցի միանգամից ու արագ փորձեցի հասկանալ, թե տոպրակի մեջ այդքան դեղն ինչի՞ համար է։ Տիկին Նելլին նայեց ինձ ու ծիծաղելով ասեց,-«Նայի որ խենթի տեղ ա դնում հա։ Սա կոնֆետա, մոտեցիր հյուրասիրվիր մինչև դեղը կտամ»։
Զրույցը կցանկանայի ավարտել փոքր ինչ անձնական դաշտ ներխուժելով։ Բավականին երիտասարդ ու համակրելի աղջիկ ես, ունես սիրելի աշխատանք, գնահատված ես շրջապատիդ կողմից, կարծես ինչ որ բան կիսատ է։ Կա՞ այն մեկը, ում վրա կարող ես հենվել՝ խոսքս կողակցի մասին է։
Անչափ շոյվեցի այս խոսքերիցդ Արամ: Կարծում եմ գեղեցիկի կողքին միշտ պետք է լինի այն ուժը ում, վրա պետք է հենվել: Արիստոտելը շատ լավ խոսք ունի. Չի սիրում նա , ով չի սիրում մշտապես, իսկ ես հավելում եմ միշտ խոսքին` մշտապես սիրելու համար պետք է պայքարել:
Շնորհակալ եմ անչափ ջերմ ու բովանդակալից զրույցի համար։ Քեզ նորանոր վերելքներ եմ մաղթում։
Ինձ էլ էր անչափ հաճելի, որ միասին ճամփորդեցինք անցյալի արահետով և միասին վերադարձանք ներկա։

Հարցազրույցը՝ Արամ Խաչատրյանի /ԱՐԽԱ/

Комментарии