«Մեկս մյուսին օգնելով»-Զառա Սահակյանն անվճար դասընթացներ է սկսել։ Մանրամասները ստորև

- Մասնագիտությամբ բանասեր-մանկավարժ եմ, ու միշտ ցավով եմ հիշում, որ չկարողացա երաժշտական գծով քայլել՝ խնդիրը մասնագիտական փորձի, տարրական ուսման պակասն էր, որն էլ պարզապես մնաց երազանք։ Եվ ահա, տարիներ անց սկսում եմ մի ծրագիր, որը կարծում եմ հաջողությամբ կպասակվի։ Սոցիալական տիրույթում բացեցի մի խումբ, որտեղ անվճար կիթառի դասընթացներ կիրականացնեմ։ Սիրով եմ աշխատելու այն մարդկանց համար, ովքեր ունենալով այդ գործիքը, տիրապետման գաղտնիքներին չեն տիրապետում,- ինձ հետ  անկեղծացավ գեղեցկուհի Զառա Սահակյանը, իսկ զրույցը ներկայացնում եմ ստորև։

Զառա՜, ինչպե՞ս ծնվեց նմանօրինակ նախաձեռնության գաղափարը։

Երևի թե երազանքից։ Ինքս էլ ցանկացել եմ նվագել ու այնքան դժվարությամբ եմ հասել այս ամենին։ Չկար ինչ որ մեկը, ով ինձ կսովորեցներ կիթառ նվագել։ Ես  սովորեցի ռուսական երգերի միջոցով, քանի որ հայերեն լեզվով ոչինչ չկար։ Հայկական երգերը նվագողներ կային, բայց ոչ մեկ մանրամասն չէր բացատրում նյուանսներն ու գաղտնիքները, իսկ սկսնակի համար դա կարող է համարվել մի մութ աշխարհ։

Օրեր առաջ, տեսնելով «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող Գրիգոր Միրզոյանի կազմակերպած օնլայն մրցույթը, էլ ավելի ոգևորվեցի և ստեղծեցի իմ սեփական նախագիծը, որտեղ այն մարդիկ, ովքեր ցանկանում են նվագել,սակայն  չեն տիրապետում կիթառին, կկարողանան անվճար սովորել և հնարավորինս տիրապետել իրենց սիրելի գործիքին։ 

Սկսում ես իրականացնել  մի ծրագիր, որտեղ այդքան էլ չտիրապետելով մասնագիտական գաղտնիքներին, կարող ես շատ հարցերում վրիպել և հայտնվել քննադատությունների կիզակետում։

Շատ լավ էր ասված, բնականաբար վախենում էի արձագանքից, սակայն հիշել եմ, թե ինչ դժվարություններ եմ հաղթահարել։ Երաժշտությունն իմ աշխարհն է ու այն շատ եմ սիրում, այդ պատճառով որոշեցի օգնել ցանկացողներին ինչ որ չափով։ Իսկ վախ՝ իհարկե կա։ Վախենում էի նաև շրջապատի կարծիքներից, ովքեր կարող են չարախոսել, ասելով, որ երկու տարի է ինչ զբաղվում եմ կիթառ նվագելով ու արդեն փորձի փոխանակում եմ անում։ Իսկ այն մարդիկ, ովքեր կցանկանան խորանալ այս ոլորտում, համոզված կարող եմ ասել, իրենք միշտ գիտելիքների պաշարը նորություններով կհավելեն։  

Քեզանից զատ, կլինե՞ն նաև մարդիկ ովքեր կմիանան նախագծիդ և միասին կսովորեցնեք՝ թեկուզ մեկ – երկու պարապունք։

Ցանկությունս մեծ է, որ այս անվճար դասընթացներին միանան նաև պրոեսիոնալ երաժիշտները, ուստի, եթե ցանկացողներ կլինեն, ովքեր կմիանան ինձ և միասին կսովորեցնենք, ապա միայն սիրով։ Ինչու չէ նաև, եթե լինեն երգիչներ, ովքեր ուղիղ եթերով կմիանան և կերգեն, կոգևորեն մեր հետևորդներին, էլ ավելի հաճելի կլինի։

Իսկ ծրագրի շարունակելիությունն ինչպե՞ս ես պատկերացնում։

Երբ բոլորս կսովորենք նվագել հիմնական ակորդները, ես հարցում կուղղեմ, թե ո՞ր երգը կցանկանան միասին նվագենք և սովորենք, ու այդպես կսկսենք սովորել նոր երգեր։ Փորձելու եմ ակորդները համացանցից գտնել, որպեսզի բոլորս հեշտությամբ սովորենք, չլինելու դեպքում, ինքս առանց ջանալու կգրեմ դրանք։ Իսկ հետագայում ովքեր արդեն կսովորեն նվագել՝ կկիսվեն իրենց սեփական փորձով։

Եվ վերջին հարցս՝  ինչպե՞ս կարող են հետևել դասընթացներին։

Էջը կոչվում է «Կիթառի անվճար դասեր սկսնակների համար»

https://www.facebook.com/groups/293381065195672/?ref=share

իսկ յութուբում կարող են գտնել Zara Sahakyan  

(https://www.youtube.com/channel/UC_TP8ii88HxKjQxycWwQLgA?fbclid=IwAR0vHDL0qvWUb_h8HM2HH2RRLL0cv-AzABuNXegKfr9gye-w3NBvtbwe-80)

 պաշտոնական էջում։ Չկա հատուկ օր, ժամ, երբ տեղադրվում են նյութերը։ Պահանջարկն է թելադրելու հետագա ընթացքը։ Սիրով պատրաստ եմ իմ ժամանակից տրամադրել և սովորեցնել ցանկացողներին, որն էլ պատրաստ եմ անել բացարձակ անվճար։

Զառա Սահակյանի հետ զրույցն անցկացրեց Արամ Խաչատրյանը/ԱՐԽԱ/

 

 


Комментарии