«Եղիր պարզ ու հասարակ և մարդկանց համար միշտ հետաքրքիր կլինես» – Լիաննա Տեր-Մինասյան

(հարցազրույցն իրականացվել է նախքան պատերազմի սկսվելը)


Լիաննա իմ հյուրասրահում գտնվելու համար շնորհակալությունս եմ հայտնում և, եթե դեմ չեք զրույցը շարունակենք Դու-ով:

Լիաննա ՜, «Ամենից ամենա...» բազմակետերի փոխարեն ի՞նչ պետք է գրվեր, երբ հյուրի կարգավիճակում հայտնվեիր դու:

Թող անհամեստ չհնչի, բայց արդեն սովոր եմ, որ պարզապես լսում եմ ԱՄԵՆԻՑ ԱՄԵՆԱ ԼԻԱՆՆԱ:

 

Լինելով ամենից ամենախելացի, ամենից ամենահաջողակ, ամենից ամենագեղեցիկ... ու էսպես կարելի է անվերջ թվել. հե՞շտ է ապրելը:

Իհարկե շնորհակալ եմ կարծիքիդ համար, Արամ ջան, բայց ես երբեք չեմ կենտրոնանում այդ բոլոր թվարկվածդ հատկանիշների վրա , պարզապես ապրում եմ։ Իսկ եթե առաջանում են խնդիրներ կամ դժվարություններ, փորձում եմ ուղղակի գտնել դրանց ճիշտ լուծումը։

Համոզված եմ բազմիցս ես խոսել այս մասին, բայց ամեն դեպքում ևս մեկ անգամ կխնդրեի պատմես «Ամենից ամենա» աստղային նախագծի ստեղծման, բարդությունների մասին։

ATV-ի ամենաառաջին նախագծերից մեկն է, որ ես և Հրաչ Քեշիշյանը, որն այդ ժամանակ հանդիսանում էր մեր հեռուստաալիքի գեղարվեստական գծով ղեկավարը, մտածեցինք ստեղծել մի նախագիծ, որը կլինի և ժամանցային, և աստղային, և իր մեջ որոշակի տեղեկատվություն կփոխանցի հեռուստադիտողին։ Մտածեցինք և ստեզծվեց աստղային շքերթ, որի շրջանակում ամեն շաբաթ սկսեցի ներկայացնել որոշակի կոնկրետ անվանակարգի ամենից ամենա հայ հայտնիներին։ Անվանումն ի դեպ Հրաչ Քեշիշյանի թեթև ձեռքով կոչվեց «Ամենից ամենա»։ Խոչընդոտներ չեմ մտաբերի, կասեմ ուղղակի, որ լինեով շատ փորձանքասեր մարդ, միշտ նկարահանման ընթացքում մի պատմության մեջ ընկել եմ, կամ ընկել եմ, կամ ինչ որ դեկոր վրաս է ընկել, և այլն, և այլն։ (ծիծաղում է)

Կարծում եմ դեկորացիաներն այդքան էլ ծանր չեն եղել։ Լիաննա, իսկ ամենից զավեշտալի դեպքը կհիշե՞ս:

Շատ են եղել, եթե հաշվի առնենք իմ ձախորդ բնավորությունը, բայց պատմեմ վերջին դեպքերից։

Ինձ մոտ եկել էին աճպարարներ և նկարահանումից հետո իրենցից մեկն ասաց.

Ափդ պարզիր՝ ֆոտո անեմ,-  Լուսանկարեց, ապա հեռախոսը դրեց ափիս մեջ, և հեռախոսի հավելվածի միջոցով էկրանին ափս երևաց, որի վրա սկսեց քայլել սարդ։ Սարդից, որ շա՜տ վախենում եմ, էկրանին հայտնվածից չվախեցա։ Մեկ էլ աճպարարն ասաց, որ այն ձեռքով որ բռնել եմ հեռախոսը, փորձեմ էկրանի վրայով տանել ձեռքս, որպեսզի հավելվածի սարդը նորից ակտիվանա։ Այդ պահին տեղի ունեցավ սարսափելին, այդ սարդը հայտնվեց ձեռքիս վրա։ Իմ էմոցիաների մասին, լավ է լռեմ։

(տեսանյութ)

Բավական պրոֆեսիոնալ մոտեցում ես ցուցաբերում ամեն հյուրիդ հետ զրուցելիս: Հարցերը, զրույցի թեմաներն ինքդ ես որոշու՞մ: Եթե այո, ապա ինչո՞վ ես առաջնորդվում:

Ամեն հարցի փորձում եմ մոտենալ մաքսիմալ լուրջ և պրոֆեսիոնալ ձևով, շատ ճիշտ նկատեցիր։ Հարցազրույցները բնականաբար ինքս եմ անցկացնում, իսկ հարցաշարը ծնվում է տեղում, հատուկ չեմ պլանավորում, պարզապես կոնկրետ թեմայի շուրջ յուրաքանչյուր հյուրի հետ յուրովի է ստացվում հարցազրույցը։ Շաբլոն հատուկ գրված հարցերն իմ կարծիքով անբնական են դարձնում զրուցը։

Իսկ ի՞նչ խորհուրդ կտաս այն երիտասարդներին ովքեր ցանկանում են ստեղծել նմանատիպ նախագծեր: Ինչի՞ց կարելի է սկսել, որ հստակ քայլերն ուղղեն ու սայթաքումները քիչ լինեն:

Կարևորն աշխատասիրությունն է, նպատակասլացությունը և սերն այն աշխատանքի նկատմամբ, որը կատարում ես, իսկ հաջողության հասնելու ուղղին մեզանից յուրաքանչյուրը յուրովի է անցնում։

Յուրաքանչյուր հանրային դեմքի կյանքում լինում է «աստղային ժամ» ասվածը: Ինչպե՞ս հաղթահարեցիր այդ փուլը և ի՞նչ արձագանք ես տալիս ասեկոսեներին` հիմա և անցյալում:

Ես դեռ դպրոցական տարիներից միշտ եղել եմ բեմում, երգել եմ Հեքեքյանի երգչախմբում, եղել եմ մենակատար,  վարել մեր երգչախմբի համերգները, և այդ հանրային կարգավիճակն ինձ միշտ ուղակցել է, այսինքն եղել է սովորական։ Այդ պատճառով, ֆիքսել «աստղային ժամ», առավել ևս այս պահին մատնանշել՝ կդժվարանամ, հետևաբար հաղթահարելու կարիք էլ չեմ ունեցել։ Իսկ ասեկոսեներին պետք է հանգիստ վերաբերվել, դրանք հանրային մարդու կյանքի անբաժանելի տարրերն են։

Նշեցիր, որ ուժերդ փորձել ես նաև երգարվեստում: Շարունակություն չտեսա՞ր, թե որոշեցիր դաշտը հանձնել այլ կատարողների:

Երգարվեստին հրաժեշտ տվեցի դպրոցն ավարտելուն պես, թեև ինչ որ հեռուստատեսային նախագծերի շրջանակում պարբերաբար առիթ ունենում եմ երգել։ Սակայն չեմ կարծում, որ կծավալեմ պրոֆեսիոնալ երգչուհու կարիերա։ Ներկայումս հայ երգարվեստը ցավոք չի զարգանում, նույնիսկ երգիչների համար է դարձել բավականին դժվար գործունեություն ծավալելը, ու փորձել այդ դաշտում ինչ որ բան անել, իմ կողմից ուղղակի անհեթեթություն կլինի։ Թող ամեն մեկը զբաղվի իր գործով, բայց ժամանակ առ ժամանակ ինչ որ հեռուստանախագծի շրջանակում սիրով կերգեմ։

Լիաննա, համոզված եմ նաև մեր հետևորդներին կհետաքրքրի անձնական որոշ տեղեկություններ: Ո՞վ է Լիաննան էկրանից այն կողմ:

Այս հարցը երևի ինձ ուղելն այդքան էլ ճիշտ չէ։ Ինչպե՞ս ինձ բնութագրեմ։ Ես մարդ եմ, ով ապրում է պարզ ու հասարակ։ Ինձ համար կա կյանքի կարգախոս, կամ սկզբունք՝ եղիր պարզ ու հասարակ և մարդկանց համար միշտ հետաքրքիր կլինես։

 

Պարտաճանաչությունն ու պունկտուալությունը որակել ես որպես թերություն (մի առիթով այսպես ես արտահայտվել), շա՞տ է խանգարում բնավորությանդ այդ գիծը, թե ամեն դեպքում հասցրել ես ընտելանալ նաև դրա հետ:

Պարտաճանաչությունն ու պունկտուալությունը պետք է բոլորի մոտ առկա լինի, այն շաաատ կարևոր հատկանիշ է թե՛ աշխատանքի մեջ, և թե՛ կյանքում։ Պարզապես, ոչ բոլորի մոտ են առկա այդ հատկությունները, և, եթե հարկ է լինում շփվել նման մարդկանց հետ, ապա այո՛, բարկանում եմ, որ պատասխանատվությունն ու պունկտուալությունը  միակողմանի է։ Հնարավորինս աշխատում եմ անպատասխանատուների հետ գործ չունենալ։ Իմ միջից երբեք չեմ հանի բնավորության այդ գծերը, քանի որ դրանք շատ կարևոր են ճիշտ ապրելու և աշխատելու համար։

 

Մրցանակներին ինչպե՞ս ես վերաբերում: Վերջերս արժանացար դրանցից մեկին` Unique awards 2020: Զգացողություններդ ինչպիսի՞ն են:

Ես աշխատում եմ պարզապես հետաքրքիր, օգտակար մի բան անել հասարակության համար, բայց անկեղծ լինեմ, շատ հաճելի է, երբ աշխատանքդ նկատելի է և արժանում է բարձր գնահատականի։ Ստացել եմ շատ մրցանակներ, և դրանցից յուրաքանչյուրն ինձ համար շատ թանկ է։ Վերջերս այո՛,  արժանացա ԱՐԽԱ բլոգի կողմից կազմակերպված UNIQUE AWARDS 2020 մրցանակին։ Շատ անսպասելի էր և շա՜տ հաճելի։ Ամռանը, երբ ամբողջ աշխարհը կարանտինի մեջ էր, լուր ստացա, որ արժանացել եմ այդ մրցանակին։ Ուրախությունս պայմանավորված էր նաև նրանով, որ այդ համատարած կարանտինի մեջ անգամ, կյանքը շարունակվում է և աշխատանքդ գնահատվում։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին մրցանակի և դրական զգացողություններիս համար։

Մեզ համար ևս մեծ պատիվ էր։ Վերջին հարցս կես կատակ. տիեզերք թռչելու երազանքն իրականություն կդառնա՞:

Այո՜, իհարկե՜։ Տիեզերքի հետ մենք է՛լ ավելի մոտ ենք դառնում, և ոչ այդքան հեռավոր ապագայում կարծում եմ այդ երազանքս իրականություն կդարձնեմ։

Շնորհակալ եմ զրուցակիցս դառնալու համար:

Ապրես դու էլ Արամ ջան։

 

Հարցազրույցը՝ Արամ Խաչատրյանի /ԱՐԽԱ/

(հարցազրույցն իրականացվել է նախքան պատերազմի սկսվելը)

  

Комментарии