Երգի Պրեմիերա «Մայրիկ»-«Սա քո հնարավորությունն է» նախագծի հաղթող Վանուհի Մելքոնյանի գեղեցիկ կատարումը նվիրված մայրերին


Տարիներ առաջ, Լոռու մարզի մեծ Պառնի գյուղում ծնվեց մի աղջիկ, ով հետագայում իր զուլալ և հոգեթով ձայնով պետք է գերեր շատերին։ Երգը, որպես նախասիրություն, իսկ մասնագիտությամբ՝ անգլերեն լեզվի մանկավարժ։ Չունենալով երաժշտական կրթություն, բայց ունենալով Աստվածատուր ձայն, կարիերան սկսում է ամուսնությունից հետո՝ Ալավերդի քաղաքում, որտեղ էլ դառնում է «Լազուր» ժող-գործիքների համույթի մեներգչուհի։ Հաղթահարելով վախը, երիտասարդ երգչուհին սկսում է առավել քան կատարելագործվել երգարվեստում, իսկ ահա կարճ ժամանակ անց մասնակցում մի օնլայն մրցույթի, որը կոչվում է «Սա քո հնարավորությունն է»։ Այսօր, զրուցակցիս աթոռին է նստած նախագծի հաղթողը՝ Վանուհի Մելքոնյանը, ում հետ անցկացված զրույցս ներկայացնում եմ ձեզ։

Որտեղի՞ղ առաջացավ սերը դեպի երաժշտությունը։

Նշեմ, որ մեծացել եմ երաժիշտների ընտանիքում։ Հայրս ևս երգիչ է, ումից էլ կարծում եմ ժառանգել եմ սերը դեպի երաժշտությունը։ Երգել սիրել եմ, սակայն կաշկանդվել եմ, ամաչել, բայց տարիներ անց, «Լազուր» համույթում հաղթահարեցի վախս, և սկսեցի ավելի մեծ ներուժով աշխատել։

Արդյոք հիշու՞մ ես առաջին ելույթդ։

Այո՛, իհարկե հիշում եմ իմ առաջին ելությը։ Երգում էի Խաչատուր Ավետիսյանի «Կապույտ թռչուն» երգը։ Ելույթս եղել է անսամբլի հետ միասին։ Այդ օրը ես հասել էի իմ երազանքին, հայտնվել էի բեմում՝ մարդկանց առջև, և այդ օրն ինձ համար հեքիաթային էր։

«Սա քո հնարավորությունն է» մրցույթը առաջի՞նն էր։

Ոչ, մասնակցել եմ մի շարք մրցույթների, գրավելով պատվավոր հորիզոնականներ, և նույնիսկ արժանացել «Ժողովրդական երգի լավագույն կատարող» անվանակարգին, արժանանալով ոսկե մեդալի։

Ե՞րբ և որտեղի՞ց իմացաք #Սա քո հնարավորությունն է երգի մրցույթի մասին։

Մրցույթի մասին տեղեկացել եմ սիրված ժողովրդական երգիչ Գրիգոր Միրզոյանի պաշտոնական էջից, և շտապել եմ հայտագրվել, մասնակցել։ Բարդ էր այնքանով, որ մրցույթը օնլայն հարթակում էր և ֆորմատով բավականին բարդ էր, պետք է հաղթահարեիր մի շարք փուլեր։ Լսումների առաջին օրվա վերջին մասնակից եմ եղել և կատարել եմ Աշուղ Հավասու «Յայլավոր յարս» երգը, և հաղթահարելով ևս մի քանի փուլ, հայտնվել եմ լավագույն տասնյակում։

Ընտանիքի անդամների արձագանքն ինչպիսի՞ն էր։

Ծնողներս ի սկզբանե տեղյակ չեն եղել, միայն վերջին փուլերին նոր սկսել են հետևել, որը անակնակալ էր իրենց համար։ Եվ հաղթանակս նրանց անսահման երջանկություն պատճառեց։

Մրցույթի փուլերը գնալով բարդանում էին, և դրան ավելանում էր նաև կարծիքների բախումը, գրառումները՝ վատ և լավ: Փորձենք վերհիշել զգացողություններդ

Իրապես այդպես է, քանզի փուլերը գնալով բարդանում էին, և յուրաքանչյուր օր մտածում էիր, որ հենց դու ես այն մասնակիցը, ով համաձայն կանոնների կլքի նախագիծը։ Ամեն օր մտածում էի ի՞նչ երգ ընտրեմ, որ համահունչ լինի ձայնիս և գեղեցիկ կատարեմ։ Բնականաբար տխրում էի յուրաքանչյուր մասնակցի հետ, ով լքում էր նախագիծը, քանզի տասնյակում մրցում էին լավագույնները։ Մրցույթը որքան բարդ էր, այնքան էլ հաճելի էր, քանզի օնլայն հարթակում քեզ հետևում էին հազարավոր մարդիկ, որոնց մեծամասնությունն անգամ քեզ չի ճանաչում, և նրանց ջերմ ու դրական գրառումներն ու արձագանքները ավելի ու ավելի էր պարտավորեցնում, որ լինեմ լավագույնը։ Իսկ բացասական կարծիքներին ևս նորմալ եմ վերաբերվում, քազնի բոլորին սիրելի չես կարող լինել։ Յուրաքանչյուրն ունի իր սեփական մոտեցումն ու դրսևորման ձևը։

Իսկ հաղթողի կարգավիճակում ու՞մ էիր տեսնում։

Հետաքրքիրն այն էր, որ յուրաքանչյուրս մեր ժանրում փորձում էինք լինել լավագույնը։ ինալում հայտնվեցի էստրադային ժանրում երգող մի բացառիկ ձայն ունեցող աղջկա՝ Անահիտ Ղազարյանի հետ, ով օժտված էր բացառիկ տաղանդով։ Հիմնականում կրկնվեմ, եղել են դրական գրառումներ, ինչի համար խորին շնորհակալությունս եմ հայտնում։

Ի՞նչ փոխեց հաղթանակը քո կյանքում։

Սկսեցի հավատալ, որ երազանքներն իրականանում են այն ժամանակ, երբ դրանք դարձնում ես նպատակ և քայլեր ես անում նրանց հասնելու համար։ Հաղթանակն իմ կյանքում երազի պես մի բան էր, և ուրախ եմ, որ այն իրականացավ։ Շնորհակալ եմ մրցույցի ղեկավար՝ Գրիգոր Միրզոյանից, հնարավորություն ստեղծելու համար։ Ամբողջ թիմին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին այդ օրերին։ Շնորհակալությունս հանդիսատեսին ու հետևորդներին քաջալերանքի համար։ Շնորհակալություն Աշուղ Նազելիին, Մկո Հովհաննիսյանին, Արտակ Զեյնալյանին, Արփինե Գյուրջինյանին, Արուս Խաչատրյանին, և բոլոր-բոլորին։ Շնորհակալ եմ։ Համոզված եմ, երգը, որը գրվել է աշուղ Նազելիի կողմից, մեծ սեր կվայելի։

Զրույցն անցկացրեց Արամ Խաչատրյանը

Комментарии