Երգչուհի Մոնիկա Նազարյանը կիսվել է իր կյանքի պատմությունով, խոսել մայր դառնալու բերկրանքից և առաջիկա ծրագրերից
Մոնիկա՜, սրտանց շնորհավորում ենք փոքրիկի
ծննդյան կապակցությամբ, և ձեր թույլտվությամբ հարցազրույցը սկսենք այն պահից, երբ
հանդիպեցիք Դավթին ու կազմեցիք ընտանիք, որի քաղցր պտուղը վայելում եք այժմ:
Ողջույն Արամ ջան։ Ամուսնուս
տատիկը դեռ տարիներ առաջ՝ «Ժողովրդական երգիչ» նախագծից, ինձ միշտ սիրել է և հավանել,
քվեարկել իմ օգտին, լսել բոլոր երգերս, ու միշտ մեծ ցանկություն է ունեցել տեսնելու։ Եվ տատիկի ծննդյան տոնին, ամուսինս՝ Դավիթը,
ցանկանում է անակնկալ մատուցել։ Հարցին, թե Հայաստանի երգարվեստից ու՞մ կցանկանա
տեսնել իր հոբելյանական երեկոյին, տատիկն առանց երկար մտածելու ասում է․ «Բա դա հա՞րց է։ Իհարկե Մոնիկային»։
Սովորաբար չեմ երգում կորպորատիվներին, բայց սա այն դեպքերից էր, որ սիրով համաձայնեցի․ Տատիկը շատ ուրախացավ։ Իսկ իմ ու Դավթի ծանոթությունը սկսվեց այդտեղից։
Կարո՞ղ ենք ասել՝ սեր առաջին հայացքից:
Ի վերուստ
էր՝ Աստծո կամոք, քանզի նա էր որոշել՝ մենք պիտի լինեինք միասին։ Իսկ սերը
առաջին հայացքից էր, թե՞ երկրորդ, չեմ հիշում։ Կարևորը իրար անչափ սիրում ենք և դա
փաստ է։
Հարսանիքը տեղի ունեցավ օվկիանոսից այն կողմ:
Ինչպիսի՞ զգացողություններ էին այդ օրերին:
Հարսանիքը
տեղի ունեցավ Կիևում։ Ամեն բան կազմակերպվել էր հրաշալի՝ դրական էմոցիաներով ու լի
հուշերով, որոնք հիշարժան դարձան ամբողջ կյանքի ընթացքում ։ Միակ վատ բանն այն էր,
որ շատ հարազատ մարդիկ, ընկերներ, այդ կարևոր օրը կողքիս չէին։ Խանգարող հանգամանք
էր նաև կարանտինը։
Հարսանիքից հետո ներկայացրեցիք գեղեցիկ երգ՝
իր տեսահոլովակով: Խոսենք երգից և տարված աշխատանքներից:
Հրաշք
երգ, որը կոչվում է «Հարսի պար»։ Այն գրեց Արտակ Արամյանը, ով ևս կարանտինից ելնելով չկարողացավ
ներկա գտնվել իմ հարսանիքին, սակայն իր բացակայությունը լրացրեց այս ստեղծագործությամբ։
Այդ օրը ցանկություն չկար կատարելու մեկ այլ երգ, քան այն, որը գրված կլինի հենց ինձ
համար և եղավ այնպես, ինչպես մտածում էի՝ Արտակը կատարեց ցանկությունս, գրեց և նվիրեց երգը, ես ձայնագրվեցի ու անակնկալ մատուցեցի, ինչն էլ հրաշալի ստացվեց։
Օրեր առաջ ունեցաք ձեր առաջնեկին ում անվանեցիք
Վիկտորիա: Անունը նախապես որոշվա՞ծ էր, թե՞...
Աղջկաս
անունն առաջարկել է ամուսինս, երբ դեռ նույնիսկ չգիտեինք երեխայի սեռը, բայց
աղջիկ լինելու դեպքում որոշեցինք անվանակոչել Վիկտորիա։
Ինչպե՞ս եք զգում ձեզ մայրիկի պաշտոնում։
Մայրանալը երջանկություն է․․․
Խոսենք նաև ստեղծագործական այն նորություններից որոնք առաջիկայում կմատուցեք մեզ, թե՞ այնուամենայնիվ տևական դադար կունենաք։
Բազմիցս
հարցնում են՝ ամուսնությունից և երեխայից հետո երգելու եմ, թե՞ ոչ։ Երգելու եմ, ստեղծագործելու
եմ։ Քանի կամ, ապրում եմ, պետք է երգեմ։ Երգն իմ մեջ է, իսկ ես՝ նրա։ Իմ հետևորդներին
կարող եմ վստահեցնել, որ իրենց սիրելի երգչուհին երկար դադար չի ունենալու, ասեմ ավելին,
ամուսինս ինձնից անհամբեր է, թե երբ պետք է անցնեմ բնականոն կյանքի և նորից երգեմ։
Իսկ առաջիկա ծրագրերս շատ են, որոնք ֆիզիկապես և հոգեպես այս պահին չեմ կարող իրագործել,
բայց ամռանը նախատեսել եմ լինել Հայաստանում, քանի որ կիսատ թողած աշխատանքներ ունեմ,
տեսահոլովակ ունեմ, որը ևս պետք է հանձնեմ հանրությանն ու իմ սիրելի լսարանին։ Բազմաթիվ
առաջարկներ, նախագծեր կան։
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ այս բազմազբաղ օրերումդ
ինձ ժամանակ տրամադրելու համար։ Ձեզ ցանկանում եմ մեծ սեր, իսկ փոքրիկ Վիկտորիային
խաղաղ ու անհոգ մանկություն։ Բարին ընդ ձեզ։
Արամ ջան, քեզ ևս
շնորհակալություն լավ հարցերի համար։ Սիրով։
Զրույցը Արամ Խաչատրյանի/ԱՐԽԱ/





Комментарии
Отправить комментарий