Ցանկությունից նպատակի իրականացում - Հարութ Արշակյան

 Հարութ, ողջունում եմ քեզ իմ հյուրասրահում: Կպատմե՞ս քո մասին։

Բարև Արամ ջան, իհարկե։ Ես Հարութն եմ Արշակյան, 21 տարեկան։ Ծնվել եմ Կրասնոդար քաղաքում, այնուհետև վեց ամսական հասակում ընտանիքս տեղափոխվել է Հայաստան,և մանկությունս անցկացրել եմ Երևան քաղաքում։ Սովորել եմ Դանիել Վարուժանի անվան միջնակարգ դպրոցում, իսկ ութերերրոդ դասարանից սկսած սովորել եմ ֆիզմաթ հատուկ դպրոցում։ Հաճախել եմ ֆուտբոլի, այնուհետև երկու տարի եղել եմ «Հայ Ասպես» կրթադաստիարակչական հիմնադրամի սաներից։

 Ինչպիսի՞ նախասիրություններ ունեիր դեռ վաղ տարիքում, և արդյո՞ք փոխվել են դրանք:

Շատ նախասիրություններ եմ ունեցել, բայց կառանձնացնեմ  երգը, պարը և սպորտը։ Երգել եմ վաղ հասակից՝ ընտանեկան առիթներից սկսած մինչև տարբեր միջոցառումներ և մյուզիքլներ։ Նախասիրություններս չեն փոխվել, նույն սերը կա մշակույթի և սպորտի հանդեպ, և գնալով ավելի է ամրապնդվում և արմատավորվում։

 Ե՞րբ և ո՞ր տարիքում սկսեցիր զբաղվել երգարվեստով և ո՞վ էր այն մարդը, որ նկատեց տաղանդդ արվեստի ոլորտում:

Զբաղվել եմ դեռևս երեք տարեկան հասակից, և ինչպես նշեցի, դպրոցական տարիներից մասնակցել եմ գրեթե բոլոր ներկայացումներին, տարբեր միջոցառումներին։ Մի շարք բնագավառներում ուժերս փորձելուց հետո, ծնողներս հասկացան, որ երգարվեստի մարդ եմ, որին հաջորդեց մասնագիտական ուսուցումը երգարվեստի ոլորտում։ Եվ հասանք այն փուլին, որ երգը դարձավ իմ առօրյան, կենսակերպը։

 Տարիներ անց քայլերդ քեզ բերեցին երգի պետական թատրոն: Ի՞նչ հիշողություններ ունես այնտեղից: Բա՞րդ էր:

Սովորելու հանդեպ սերս հետագայում հասցրեցին ինձ երգի պետական թատրոն, ինչի համար շա՜տ ուրախ եմ։ Ընդունվեցի ժողովրդական վոկալ բաժինը, այնտեղ ստացա մասնագիտական, պրոֆեսիոնալ կրթություն։ Այդ ընթացքում ստանում էինք վարպետաց դասեր Արթուր Գրիգորիչից և կայացած արտիստներից, որոնց տեսնելով սկսնակ արտիստը ավելի նպատակասլաց էր դառնում։ Հիշողություններս կապված են անմիջական և ուսուցողական մթնոլորտի հետ, դարձել էինք մի մեծ ընտանիք։ Այնտեղ օր օրի ավելի էի կատարելագործվում, և զգում էի, որ իմ ներսում ձևավորվում էր բարձր ճաշակ, ինչի համար շնորհակալ եմ երգի պետական թատրոնին։ Հիշարժան է նաև վերջին հաշվետու համերգը, որտեղ պետք է ցուցադրվեր այն, ինչը սովորել ես։ Եվ կարծում եմ հանդիսատեսը հավանեց ու գնահատեց մեր աշխատանքը։


Վերջերս գերազանց ավարտեցիր նաև Կոնսերվատորիան՝ կարմիր դիպլոմով: Հետաքրքիր է՝ ձեռագրային տարբերություն զգացիր քեզ մոտ, թե այնուամենայնիվ ստեղծել ես քոնը և ավելի զարգացրել այն:


Կոմիտասի անվան կոնսերվատորիան ավարտեցի կարմիր դիպլոմով, և կարող եմ ասել, որ այս փուլից հետո ավելի լիարժեք կարող եմ ներկայանալ հանդիսատեսին, քանզի առավել քան ճանաչեցի հայկական երգն ու մշակույթը։ Ասպարեզում ավելի հմտանալուց հետո բնականաբար հասկանում և համեմատություններ ես սկսում տանել։ Իսկ ձեռագրի հետ կապված կարող եմ ասել, որ ստեղծել եմ իմը, և շարունակելու եմ այդ երգելաոճով (կարծում եմ կստացվի)։

 Նշեցիր, որ ավելի հմտացար և գիտելիքների պաշար ձեռք բերեցիր։ Այդ դեպքում, ո՞ր ժանրը դարձավ քեզ հոգեհարազատ։


Միանշանակ ժողովրդական ժանրը՝ այն ավելի քան սիրեցի։


 Հարութ, վերջին օրերին ներկայացրեցիր գեղեցիկ երգ՝ իր տեսահոլովակով, ինչի առթիվ շնորհավորում եմ քեզ։ Ինչպե՞ս ստեղծվեց երգը։

Շնորհակալ եմ անչափ։ Օրերս ներկայացա նոր տեսահոլովակով, որը թվով երկրորդն էր իմ կարիերայում։ «Իմն ես ու վերջ» երգը ստեղծվել է սիրո իրական փաստերի հիման վրա։ Երաժշտության հեղինակն է՝ Վարդան Գալստյանը, իսկ խոսքերը՝ Աշոտ Իշխանյանինն է, ռեժիսորը՝ Արմեն Գևորգյանը։ Փորձել ենք մաքսիմալ անկեղծ գտնվենք տեսահոլովակում, քանի որ պարզությունը գնահատում և ընդունում է լսարանը, իսկ ես անչափ շատ եմ սիրում նրանց և ամեն ձև փորձելու եմ հավատարիմ մնալ լսարանիս։

 Դուետային տարբերակով երբևէ փորձե՞լ ես հանդես գալ, կամ առաջիկայում նման մտադրություն ունե՞ս:

Դեռևս չեմ փորձել, բայց մոտ ապագայում անպայման նախատեսել եմ։ Հետաքրքիր պրոյեկտներ հաստատ կարող եք սպասել, քանզի աշխատանքային փուլում ենք։

Հարութ քո մասին համոզված եմ դեռ շատ ենք լսելու և անցած փայլուն ճանապարհովդ հպարտանալու (հանձինս ես, որ առաջինն եմ քեզ հետ հարցազրույց անցկացնում): Սակայն այս ամենից զատ այսպիսի մի հարց ևս՝ երբևէ կարո՞ղ ենք տեսնել Հարութ Արշակյանին 6/8 ժանրում ելույթ ունենալիս, առավել ևս կորպորատիվներին:


Շնորհակալ եմ շատ դրական խոսքերի համար։ Նշեմ, որ 6/8-ը, դա երաժշտական ժանր է, այն-ինչ մեզ մոտ դա ընկալվում է «ռաբիզ»։ Բնականաբար երգել եմ, և շարունակելու եմ երգել նաև այդ ժանրով, որով էլ հաճելի պահեր եմ պարգևում իմ լսարանին։

 Եվ վերջում՝ որտեղի՞ց որտե՞ղ..

Ցանկությունից նպատակի իրականացում։

Комментарии