Տեսանյութ․ Զարեհ Թևանի և Եվա Եգանյանի «Առանց սիրո» երգը բուռն արձագանքներ գրանցեց

«Առանց սիրո»
ԱՄՆ-ից Հայաստան ժամանած օպերային երգիչ Ռուբեն Թելունցի այցն ուներ նպատակ՝ «Առանց սիրո» երգի պրեմիերան, որը կատարում էին երգիչ-երգահան Զարեհ Թևանը և սիրված երգչուհի Եվա Եգանյանը։ Երգը կոչվում էր «Առանց սիրո», սակայն նրանում հորդող սիրո ապացույցն էր ներկաների բուռն ողջույններն ու հիացական հայացքները։

Երգի հեղինակ Ռուբեն Թելունցը ներկաներին խոստովանեց, որ մտավախություն ուներ՝ առաջարկը գուցե չընդունվեր Զարեհ Թևանի կողմից, քանզի նա ներկայանում է հեղինակ-կատարող, սակայն ի ուրախություն նրա, համաձայնեց։

-Երգը հավանեցինք հենց առաջին իսկ պահից,-իր խոսքում նշեց Եվա Եգանյանը։- Նրանում այնքան մեծ սեր, ջերմություն կար։

- Երգը պիտի գրվեր մեզ համար ու երգվեր հենց մեր կողմից,-իր խոսքում հավելեց Զարեհ Թևանը, այնուհետև անհատապես շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնակից էին երգի ստեղծման ու տարածման  գործում։

Երգի կատարողները «Մեգերյան կարպետում» կազմակերպել էին հրաշալի միջոցառում, որտեղ ներկաները լիաթոք ժպտում էին միմյանց, լուսանկարահանվում,  համտեսում Հայաստանի լավագույն խոհարար՝ Սեդրակ Մամուլյանի կողմից պատրաստված համադամ ուտեստները, և վայելում  Վահե Քոչարի, Քրիստ Մանարյանի, Արա Գևորգյանի և այլոց ողջույնի ելույթներն ու սրտից բխած  խոսքերը։  Իսկ, թե ինչու՞ «Առանց սիրո», առաջարկում եմ ևս մեկ անգամ լսենք և ընթերցենք այն խոսքերը, որով ծնունդ առավ երգը։

«Առանց սիրո»

Ռուբեն Թելունց

Առանց սիրո աշխարհը փուչ է, և մարդիկ՝ դատարկ,

Առանց սիրո դրախտը ցուրտ է, և դռները՝ փակ,

 

Առանց սիրո երկինքը մութ է,

Առանց սիրո հոգին անգութ է,

Առանց սիրո էլ կյանք չկա։

 

Առանց սիրո խոսքերը շատ են, խոստումները՝ սուտ,

Առանց սիրո աչքերը պաղ են, և հայացքը՝ բութ։

 

Առանց սիրո կրքերը բիրտ են,

Առանց սիրո հույզերն անկիրթ են,

Առանց սիրո էլ կյանք չկա։

 

Առանց սիրո օջախն հանգած է և դռները՝ բաց,

Առանց սիրո խոսքերն անսանձ են, և աչքերը՝ բաց։

 

Առանց սիրո պտուղը միրգ է,

Առանց սիրո հեքիաթը գիրգ է,

Առանց սիրո էլ կյանք չկա։


Սեր ենք անվերջ երգում,

Սեր ենք անվերջ մեծարում,

Սիրո ճամբան արդար է, մաքուր,

Փառաբանենք սիրուն։

Լուսանկարները՝ https://www.facebook.com/media/set/?set=a.2042848642532397&type=3

Նյութը պատրաստեց՝ Արամ Խաչատրյանը 



Комментарии