Ինձ միշտ ասում են, որ սպասում են, բայց չեն հասցնում կարոտել, ի շնորհիվ ամուսնուս-Մոնիկա Նազարյան

Օրերս տեղի ունեցավ սիրված ժողովրդական երգչուհի Մոնիկա Նազարյանի առաջին և մեծ մենահամերգը։ ԱՐԽԱ Բլոգը փորձեց կապ հաստատել և տեղեկանալ, թե ինչպե՞ս անցավ համերգային ծրագիրը, և ինչպիսի՞ տպավորություններ ուներ Մոնիկան։ Ստորև ներկայացնում ենք փոքրիկ, բայց անչափ հաճելի հեռախոսազրույցը։

Ողջու՜յն Մոնիկա։ Հաշվի առնելով մեր տարիների մտերմությունն ու ընկերությունը, զրույցը շարունակենք ԴՈՒ-ով։ Օրեր առաջ տեղի ունեցավ քո մեծ ու առաջին մենահամերգը։ Երբ տեսար, որ բոլոր տոմսերը սպառվել են, ինչպիսի՞ զգացողություններ էր մոտդ։

Ողջույն Արամ ջա՜ն։ Մեծ հպարտություն էի զգում այդ պահին, ուրախ էի շատ, երջանկությանս չափ ու սահման չկար՝ ինձ այդքան շատ սիրել են, սպասել, լսել և գնահատել իմ երգարվեստը։ Ինչ խոսք, դա պարտավորեցնող էր, ոգևորիչ։ Վերջում հայտնեցին, որ համերգից առաջ մեծ ամբոխ է հավաքված եղել, որպեսզի ներկա գտնվեին երեկոյին, մտածելով, որ կարող են այդ պահին տոմսարկղից տոմս գնել և մասնակցել, նույնիսկ փորձել են գնել տոմսերն այն մարդկանցից, ովքեր նախապես արդեն տոմսերը ձեռք էին բերել։ Ամեն բան անելու եմ, որ այդ լսարանն ավելի ընդարձակվի, և ես էլ երգեմ նրանց համար։

Տեղեկացա, որ երեկոյիդ ներկա լինելու համար Հայաստան էին ժամանել աշխարհի տարբեր երկրներից:

Այո, եկել էին տարբեր վայրերից՝ Ռուսաստան, Հունաստան և էլի այլ երկրներից, չհաշված Հայաստանի տարբեր մարզերից։

Հայաստանի մարզերում և երկրի սահմաններից դուրս, առաջիկայում մենահամերգներ նախատեսված կա՞ն:

Այո՛ իհարկե, և՛ մարզերում, և՛ աշխարհի տարբեր երկրներում։ Աստված տա միայն առողջություն և խաղաղություն լինի, ամեն բան կծրագրավորենք, կկարգավորենք, միայն հերթականությամբ, ծրագրեր շատ կան։

Դեռ վաղ տարիքից արտիստները սովորություն ունեն մինչ համերգի սկսվելը վարագույրից այն կողմ ծիկրակելը, անհանգստանալը: Վարագույրները բացվելուն պես բեմում մենակ էիր: Հուզմունք, վախ կամ նման զգացողություն չկա՞ր:

Հուզմու՞նք․․․(մտածում է) Ասեմ, որ իմ մյուս համերգային ծրագրերի ժամանակ շատ ավելի եմ հուզվել, անհանգստացել, և դա նկատելի է եղել հարդասենյակում (գրիմանոցում)։ Բեմահարթակ դուրս գալուց հետո այդ հուզվածությունն անցնում է միանգամից։ Բայց այս անգամ հակառակն էր ամեն բան՝ հուզված չէի, լարված չէի, նույնիսկ ինձ տեսնելուց հարցնում էին, ասում էին․ «Մենահամերգդ ա, չե՞ս լարվում»։ Առաջին երգի ժամանակ  զգում էի, որ հուզված եմ, սակայն երգից հետո այն անցավ։ Աննկատելի հուզմունք էր, որը միայն ինձ էր հայտնի։

Հաճախ եմ ասել, ու կկրկնեմ՝ դա պատասխանատվության զգացում է, որովհետև ես ամեն բան իդեալական  եմ սիրում։ Չեմ սիրում, երբ որևէ բան խանգարում է համերգին, քանի որ, հանդիսատեսը եկել է հաճույք ստանալու և նրան պետք է պարգևես այդ անմոռանալի պահերը։ Փառք Աստծո, հրաշալի երաժշտախմբի հետ մենք անսխալ ու իդեալական համերգ ունեցանք։ Երկու ժամ քսան րոպե՝ առանց ընդմիջման երգել եմ, և ժամանակը շատ արագ անցավ։ Դա նշանակում է, որ համերգը ստացված էր։ Հանդիսատեսը չէր ուզում հեռանալ, բայց բոլորս գիտակցում էինք, որ պետք է ավարտենք ծրագիրը, կրկին հանդիպելու ակնկալիքով։

Անվերջանալի հոտնկայս ծափահարություններով ընթանում էր մենահամերգդ, դու բեմում էիր, իսկ բալի՞կդ: Ինչպե՞ս ընդունեց փոքրիկը քեզ բեմում:

Այո, անվերջանալի հոտնկայս ծափահարություններից զատ, ամենաերջանիկն էի լինում, երբ որևէ երգի ընթացքում իմ աղջիկը գալիս էր ներս՝ տեսնում էի նրան, ու ժպիտս կրկնապատկվում էր, և ինձ համար մեծ պատիվ էր, որ իմ առաջին մեծ մենահամերգին Վիկտորիան ներկա է։


Մենահամերգից հետո, ինչպես ներկա հանդիսատեսը, այնպես էլ այն մարդիկ ովքեր ինչ-ինչ պատճառներով ներկա չէին, ականատեսն էին ահռելի աշխատանքին, որը կատարվել էր: Խոսենք փաստերով՝ Հայաստանում, այն էլ այս բարդ ժամանակահատվածում բարդություններ չառաջացա՞ն։ Ինչպե՞ս հաղթահարեցիք դա։

Ոչ մի խոչընդոտ չեղավ Արամ ջան, քանի որ իմ կողքին պրոֆեսիոնալ թիմ էր կանգնած՝ չհաշված իմ մանրախնդիր լինելը, սկսած կազմակերպչական հարցերից, օպերատորներից, լուսավորողներից, բոլոր բոլորը ովքեր կապ ունեին համերգի հետ, միահամուռ ուժերով աշխատել էին անել հնարավորն ու անհնարինը։  Այս ամենից զատ, հանդիսատեսի ֆակտորն է շատ կարևոր, երբ գիտես ժողովուրդը կողքիդ է , դու խնդիր չունես։

Քեզ ասե՞լ են, որ շատ ենք սիրում ու կարոտով միշտ սպասում ենք:

Ինձ միշտ ասում են, որ սպասում են, բայց կարոտելու առումով հաճախ եմ լինում Հայաստանում, Հայրենիքում և չեն հասցնում կարոտել։(ժպտում է) Եվ հենց դրա համար, ուզում եմ իմ գլխավորությամբ, առանձնահատուկ շնորհակալություն հայտնենք ամուսնուս, ով միշտ աջակցում է և կողքիս է ցանկացած հարցում։

Վերջում ի՞նչ կհավելեք:

Վերջում կհավելեմ, որ ուրա՜խ եղեք, առո՜ղջ եղեք, դրակա՜ն եղեք, որովհետև ամեն բան լա՛վ է և ավելի՛ լավ է լինելու։ Շնորհակալություն։

Շնորհակալ եմ շատ


Комментарии