Happy award kids 2021 ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիրները- Iren Dance Studio - artistic director and choreographer Iren Ulikhanova
Մարդ, ով կայացած էր Հայաստանում, որոշեց
մեկնել արտերկիր և գործունեությունը ծավալել այնտեղ` ամեն ինչ սկզբից և նոր տողից:
Ինչպե՞ս եղավ Իռեն Ուլիխանովայի այս որոշումը և ինչպիսի՞ բարդությունների առաջ կանգնեց:ԱՄՆ մեկնելու որոշումը տեղի ունեցավ շատ արագ։ Այդ նույն տարվա մայիս ամսին ես և Վահագնը հյուրախաղերով ժամանել էինք ԱՄՆ, և Հայաստան վերադառնալուց հետո որոշեցինք կրկին մեկնենք, այս անգամ մի փոքր երկար ժամանակով։ Կարծում եմ, որ այն մարդը, ով մեկնում է արտերկիր բնակության, հանդիպում է որոշակի բարդությունների, սակայն, երբ հոգեպես ամուր և կայուն վիճակում ես գտնվում, անհնարինը հնարավոր է դառնում։
Շատ կարճ ժամանակ անց ԱՄՆ-ում ստեղծեցիք «Iren» dance studio-ն, և վերջերս
էլ տեղի ունեցավ ստուդիայի մենահամերգը, ինչի համար ևս մեկ անգամ շնորհավորում ենք:
Իռեն, Հայաստանյան և արտասահմանի սաների մեջ տարբերությունը մե՞ծ է:
Շնորհակալ եմ շնորհավորանքների համար, Արամ ջան։ Ստեղծագործ մարդու համար նշանակություն չունի, թե ո՞ր երկրում է, նա շարունակում է ստեղծագործել, արարել, կիսվել սեփական փորձով և դասավանդել։ Սաների մեջ տարբերություն չկա, ՀԱՅԸ ՀԱՅ Է, ԱՄԵՆ ՏԵՂ։
Որքան էլ հեռու եք, այստեղ գնահատվում է Ձեր
կատարած աշխատանքը, ինչի վառ ապացույցն էր, վերջերս տեղի ունեցած Happy award kids
ամենամյա մրցանակաբաշխությունը ԱՐԽԱ բլոգ մշակութային կայքի կողմից կազմակերպված, որին
մասնակցեցին նաև Ձեր սաներից: Խոսենք մրցանակաբաշխությանը մասնակցած մեր գեղեցկուհիներից
և այն զգացողությունից, երբ ստացաք զանգ, որի ժամանակ իմացաք, որ «Iren» dance-ը արժանացել
է Special մրցանակի:
Նախևառաջ ուզում եմ շնորհակալությունս հայտնել ԱՐԽԱ բլոգ մշակութային կայքին։ Գիտե՞ք, հայրենիքում՝ քո տանը, քո երկրում, երբ գնահատում և ամենակարևորը հիշում են քո կատարած աշխատանքն ու քեզ, հաճելի է միանշանակ, այն հուսադրող է և անասելի ուժ է տալիս։
Զանգը ստանալուց շատ էի ուրախացել։ Ես անընդհատ մտածում եմ, թե ինձ ինչ որ չափով մոռացել են, բայց ամեն անգամ, նորից համոզվում եմ, որ ոչ, և դա ինձ ավելի է պարտավորեցնում։
«Iren» dance-ը գործում է արդեն 4 տարի, և կան երեխաներ, ովքեր ստեղծման օրից հաճախում են, և նրանց կողքին կան նորերը։ Հավելեմ, որ ունեմ շատ տաղանդավոր և հայրենասեր բալիկներ, ինչի համար էլ առաջնահերթ շնորհակալությունս եմ հայտնում նրանց ծնողներին, քանի որ հայրենասիրությունն ու հայեցիությունը սկսվում է ընտանիքից։
Թինա Հայրապետյան «Լավագույն նազանք»
Նելլի Նալբանդյան «Տարվա լավագույն բեմադրություն»
Զարուհի Օհանյան «Հանդիսատեսի համակրանք»
Էլեն Մարության «Լավագույն դաստակ»
Էմիլի Կոբալյան «Տարվա էմոցիոնալ կատարում»
Անահիտ Ակարմազյան «Լավագույն հայացք»
Լիլիթ Պետրոսյան «Տարվա ժպիտ»
Պարուհիները խոսում են մարմնի շարժումներով,
և Դուք Հայաստանի այն գեղեցիկ գույներից մեկն էիք, ով լքեց երկիրը: Հայ լսարանի մոտ
վերադառնալու նպատակներ ունե՞ք՝ Համերգային ծրագիր կամ շրջագայություն...
Ըստ իս, Հայաստանից հեռու բնակվող հայությունը, հոգու խորքում և մտքում մի միտք է փայփայում՝ շուտափույթ վերադարձ Հայաստան, վերադարձ հայրենիք, որտեղ սպասում է հողն ու ջուրը, տունը, շրջապատը։ Ես էլ այդ մարդկանց թվին եմ պատկանում։ Երբեք մտքովս չէր անցնի, որ կգա մի օր, և ես էլ ֆիզիկապես հեռու կգտնվեմ իմ երկրից, բայց ինչպես ասում են՝ երբե՛ք, մի՛ ասա երբեք։
Քանի որ հունիս ամսին լինելու եմ իմ տանը՝ Երևանում, սաներիցս շատերը ևս կայցելեն ինձ հետ միասին։ Նպատակների մեջ կա՝ ԱՄՆ-ում կայացած համերգային ծրագիրը կրկնենք Հայաստանում։ Եվ քանի որ, մարտի 31-ին ԱՄՆ-ում տեղի կունենա Վահագնի stand- up show-ն, այն կիրագործենք նաև Երևանում։ Մանրմանասների մասին ձեզ հետ անպայման կկիսվեմ։
Իսկ այլ ի՞նչ նպատակներ և ծրագրեր ունեք՝
այս և առաջիկա տարիներին:
Նպատակներ
և ծրագրեր միշտ կան, թերևս աշխատում եմ նոր համերգային ծրագրի ուղղությամբ։ Կա նաև
մտադրություն բացելու ևս մեկ մասնաճյուղ, պարզապես այդ դեպքում ստիպված եմ ստեղծել
Իռեն երկրորդին, որպեսզի ժամանակի մեջ հասցնեմ ամեն բան, կամ պարզապես պետք է շաբաթվա
մեջ ավելացնել ևս մեկ օր։ /ծիծաղում է/
Խոսեցինք ժամանակի քչությունից, բայց պարից
զատ աշխատում եք նաև միջոցառումների կազմակերպմամբ: Այս երկու ոլորտները միմյանց օգնում,
թե՞ խանգարում են:
Ունենք «32 Art group» կազմակերպությունը, որը տարբեր տեսակի միջոցառումներ է կազմակերպում՝ համերգային ծրագրեր, հարսանիք, կնունք, ծնունդ և այլն։ Եվ քնաի որ, ես ստեղծագործ մարդ եմ, իսկ Վահագն ինձնից ավելի՝ և բազմակողմանի, հետևաբար այնպես դասավորվեց, որ ողջ ֆինանսական, տեխնիկական հարցերը ղեկավարում եմ ես, իսկ ստեղծագործական մասը՝ ամուսինս։ Պարը ոչնչի և ոչ մեկի երբեք չի խանգարում։
Հետաքրքիր
է, ստեղծագործական կյանքը խանգարու՞մ է բնականոն կյանքի ընթացքին: Վեճեր, տարաձայնություններ
հաճա՞խ են լինում քո և Վահագնի միջև, և ո՞վ է առաջին քայլն անում հաշտեցման համար:
Երկուսս էլ ընդունում և հարգում ենք մյուսի անձը, կարծիքը, կատարած աշխատանքը, և քաջ գիտակցում ենք, թե ինչ է նշանակում ստեղծագործ աշխատանքային պրոցես, այնպես, որ տարաձայնություններ չեն լինում։ Մենք միմյանց շատ ենք օգնում և լրացնում։
Ձեր գործունեության ճանապարհին ցանկանում
եմ նորանոր վերելքներ և համոզված եղեք, որ Ձեզ կարոտով սպասում է Հայաստանն ու ձեր
հանդիսատեսը: Շնորհակալ եմ, որ հատկացրեցիր ժամանակիցդ: Եվ վերջում՝ ինչպե՞ս կարող
են մասնակից դառնալ «Iren dance studio»-ին:
Մեզ մոտ կարող ենք ուսանել 5 տարեկանից բարձր
երեխաները, պարզապես պետք զանգահարեն կամ գրեն
ինձ, որից հետո ուսումնասիրում եմ երեխայի տվյալները, այնուհետև սկսում ենք աշխատել։
Անդրադարձի համար անչափ շնորհակալ եմ Արամ ջան։ Ձեզ և Ձեր մշակութային բլոգին մաղթում
եմ նորանոր հաջողություններ և ստեղծագործական վերելքներ։ Անհամբեր սպասում եմ հունիս
ամսվան, որպեսզի գամ Հայաստան՝ հայրենիք։
Սպասում ենք։
Զրուցեց՝ Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ բլոգ



















Комментарии
Отправить комментарий