Հավերժության մեր ճամփան, Այբուբենն է Մեսրոպյան․․․Մարինե Խաչատրյան

Մայիսի 6-ին Հրազդանի թիվ երկու հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մաշտոցյան ոսկեղենիկ այբուբենին՝ I «բ» դասարանի մասնակցությամբ։ Դասվար՝ Մարինե Խաչատրյան

 
Միջոցառման ընթացքում հնչում էր մեսրոպատառ լեզվին նվիրված արտասանությունն ու երգը: Շքեղ, գունավառ, ոգևորիչ հանդես էր: Ամիսներ շարունակ փոքրիկները տիրապետեցին յուրաքանչյուր տառի գրությանը, սովորեցին գրել ու կարդալ մայրենի հայոց լեզվով։ Իմացան, որ հավերժության մեր ճամփան մեսրոպյան այբուբենն է, որ հայերս եղել ենք, կանք ու կլինենք մեր գրի շնորհիվ «Այն ազգը, որ գիր ունի, անկասկած նա մահ չունի»։


Այսուհետ նրանք ևս տառաչանաչ են, ինչի առթիվ շնորհավորում ենք բոլորիս։

Մեզ հետ զրույցում, դասվար Մարինե Խաչատրյանը նշեց․

-Կրթելով փոքրիկներին, օգնել նրանց, որ սովորեն Մեսրոպատառ մայրենին, շատ կարևոր առաքելություն է։ Մենք՝ ուսուցիչներս, միտված ենք, որ գալիք տարիներին ունենանք փայլուն սերունդ, երեխաներ, ովքեր վարժ կտիրապետեն աշխարհի ամենաբարդ, բայց միևնույն ժամանակ ամենագեղեցիկ լեզուներից մեկին՝ Հայերենին։ Մի՞թե հրաշք չէ, որ մայրենի լեզվով կարող ես աղոթքդ բարձրացնես և գրել ամենաթանկ բառերը՝ Մայր, Հայր և Հայրենիք։

Ուսուցչուհին նշեց նաև, որ միջոցառման ժամանակ ունեին պատվավոր հյուրեր․

-Երգչուհի Էնջի Բեջանին և իր պրոդյուսերը, ով նաև մայրն է՝ Էլեն Բեջանին, վայրկյան անգամ չմտածեցին, երբ հրավերք արեցի մասնակցելու մեր միջոցառմանը։ Այնքան մեծ սեր էին բերել իրենց հետ մեր փոքրիկների համար։ Սաներս և ծնողներս տպավորված հեռացան այդ օրը։ Իսկ վերջում նաև անակնկալ նվերներ մատուցեց դպրոցին։ Մենք սիրով նրանց սպասում ենք մեր ցանկացած միջոցառմանը։




Շնորհակալ եմ Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Սուսաննա Ալեքսանյանին, ով մեր բոլորի կողքին է, և բոլոր նրանց, ովքեր աջակցեցին միջոցառման կայացմանը։ Անհատապես բոլորիդ շնորհակալ եմ նաև ձեզ՝ իմ սիրելի սաների ծնողներ,- ամփոփեց I «բ» դասարանի դասվար՝ Մարինե Խաչատրյանը։





 

Комментарии