Տեառնընդառաջը տոնում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում

 Մշակույթը չէր պահպանվի և սերնդեսերունդ չէր փոխանցվի, եթե գոյություն չունենային դրան նպաստող որոշակի միջոցներն ու հանգամանքները։ Դրանցից կարող ենք առանձնացնել պատմության ընթացքում ձևավորված ծեսերը, տոնակատարությունները։ Այդպիսի տոնակատարություններից է Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն), որը  Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է ամեն տարի փետրվարի 13-ին։ Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Նրանք պտտվում էին խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել: 

ԱՐԽԱ բլոգ մշակութային կայքը զրույց ունեցավ երգչուհի Գոհար Հովհաննիսյանի հետ, ով ներկա պահին բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Հետաքրքիր է, ինչպե՞ս են տոնում ամերիկաբնակ հայերը Տեառնընդառաջը և ինչո՞վ է առանձնանում այս տոնը նրանց համար։

-Ամերիկայում հատուկ են պատրաստվում այս տոնին։ Եկեղեցու բակում մեծ խարույկ են վառում և միասին տոնում են այս ազգային տոնակատարությունը։ Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում, նախապես պատրաստություններ են տեսնում և առավել մեծ ոգևորությամբ նշում,-զրույցում նշեց Գոհար Հովհաննիսյանը։

Հատկանշական է, որ երգչուհին մինչ կատարումները ներկայացնում է տոնի նշանակությունն ու անցկացման կարգը։Իսկ մենք առաջարկում ենք միասին վայելենք և տեսնենք այն կադրերը, որում մեր օտարերկրյա հայերը տոնում են Տեառնընդառաջը։


 

Комментарии