Հատուկ մասնագետների համար նորություններ ունենք - «Ձայնային Կամուրջ» ՀԿ հիմնադիր Մերի Շաբոյանը մեծ աշխատանքով է ներկայանում

 

«Ձայնային Կամուրջ» սոցիալ-կրթական, վերականգնողական հասարակական կազմակերպության հիմնադիր՝  Մերի Շաբոյան։

Աշխատանքային թիմ՝ Մարիամ Հակոբյան, Թամարա Սահակյան, Մարիաննա Գրիգորյան։

Հայաստանի Հանրապետությունում «Ձայնային Կամուրջ» սոցիալ-կրթական, վերականգնողական հասարակական կազմակերպությունը իր գործունեությունն սկսել է 2023 թվականի հուլիսի 2-ից։ Հասարակական կազմակերպությունն իր գործունեությունը ծավալում է մի շարք ուղղություններով՝ համագործակցելով բժիշկների և հարբժիշկների, բժշկական կենտրոնների, ասոցացիաների, միջազգային մասնագիտական կառույցների, սոցիալական ծառայություններ մատուցող պետական և ոչ պետական կառույցների հետ։

 Մերի՛, ինչպե՞ս որոշեցիք ստեղծել «Ձայնային Կամուրջ»  սոցիալ-կրթական, վերականգնողական ՀԿ-ն, ի՞նչ սկզբունքով ընտրեցիք անվանումը։

 Դեռ վաղուց մտորում էի մի  կառույց ստեղծել, որն իր շուրջը կհամախմբի մեր ոլորտի մասնագետներին, կամուրջ կհանդիսանա համագործակցության համար հարակից ոլորտի մասնագետների միջև։ Կարծես թե հասունացել էր այդ պահը, ու գիտակցում էի, որ հետզհետե ավելի է կարևորվում իմ կողմից հասարակական կազմակերպություն ստեղծելու փաստը։

Անվան հետ կապված անկեղծ կլինեմ, դժվար էր ընտրել ՀԿ-ի անվանումը, քանի որ մի անվան ներքո պետք է արտացոլվեր մի հզոր գաղափար։ Ինչևիցե, գտա այն անունը, որը մոտ էր իմ նպատակներին՝ «Ձայնային Կամուրջ», այո՛, մեր ՀԿ-ն կամուրջ է հանդիսանալու բազում համագործակցությունների, ծրագրերի համար։

Հետևաբար «Ձայնային Կամուրջ» սոցիալ-կրթական, վերականգնողական հասարակական կազմակերպության ծնվելու լուրը ազդարարել ենք գեղեցիկ  միջոցառմամբ։ Ինչպես յուրաքանչյուր երեխա իր լույս աշխարհ գալը ճիչով, ձայնով է ազդարարում,այնպես էլ մեր կազմակերպության ծնունդը ազդարարեցինք այս ձևաչափով. «Բարև Ձեզ Ես «Ձայնային Կամուրջ» սոցիալ-կրթական, վերականգնողական հասարակական կազմակերպությունն եմ, Ես ծնվել եմ, Ես կամ»։

Ո՞վ կամ ի՞նչը շարժառիթ հանդիսացավ կազմակերպության հիմնադրման համար, ինչպե՞ս ընտրեցիք աշխատանքային թիմը։

 Հաճախակի մասնագիտական քննարկոււմներ ունենալով թե՛ ուսանողների, թե՛ գործընկերներիս հետ հասկացա, որ մասնագիտական տիրույթում ես ասելիք ունեմ, դա շարժառիթ էր կառույցը ստեղծելու համար, կառույց, որտեղ կիրականացնենք ծրագրեր՝ մեր շուրջը համախմբելով գաղափարակից մարդկանց։

Իմ կողքին են այն ուսանողները, որոնք օրերից մի օր ասացին. «Ընկե՛ր Շաբոյան, Դուք սկսեք, մենք Ձեզ հետ ենք»։ Ու սկսեցի՝ շուրջս համախմբելով առաջադեմ  ուսանողներիս։ Այնուհետև տեղադրեցինք հայտարարություն, և ի ուրախություն ինձ, այն մեծ արձագանք ստացավ։ Մեր շուրջը համախմբվեցին անվանի բժիշկներ, հոգեբաններ և ոլորտում մեծ ավանդ ներդրած մասնագետներ։ Ծրագրի մասին իմանալով՝ «Բիզնես Պարկ»-ը համագործակցության առաջարկ արեց՝ տրամադրելով մեզ դասընթացների համար նախատեսված դահլիճը։ Եվ այսպես ազդարարեցինք սկիզբը։ 

 

1.      Նպատակների մասին

- Նպատակները հստակ մեր կանոնադրության մեջ սահմանված են, քայլ առ քայլ կհասնենք այդ նպատակներին՝ փոքրիկ քայլերով դեպի մեծ նպատակ։


 ՀԿ-ի գործունեությանն ինչպե՞ս  կարող են հետևել, և ինչու ոչ, մասնակից լինել ծրագրերի իրականացմանը։

- Նախատեսել ենք յուրաքանչյուր ամսվա 2 –ին (դա համարվում է «Ձայնային Կամուրջ» սոցիալ-կրթական, վերականգնողական հասարակական կազմակերպության ծննդյան օրը) կազմակերպել հանդիպում, սեմինար, քննարկում, վերապատրաստում։ Փոքրիկ քայլերի արվեստը օգտագործելով առաջ կընթանանք։ Այս պահին նախատեսվում է այց դեպի Գյումրի, իսկ հետագայում հանդիպումներ կլինեն Հայաստանի մյուս մարզերում և քաղաքներում։

Սպասեք մեզ ձեր համայնքում, իսկ մենք կանենք ամեն բան, ձեր հույսերն արդարացնելու համար։




   Մանրամասների համար՝ https://www.facebook.com/profile.php?id=100093425329367

Նյութը ՝ Արամ Խաչատրյանի

Զրուցում էինք՝ «Ձայնային կամուրջ» ՀԿ-ի հիմնադիր, լոգոպեդ՝ Մերի Շաբոյանի հետ

Комментарии