Ոչխար առաջնորդը-արձակ պատմվածք ըստ Սպարտակ Ծատուրյանի

 


Գիտե՞ք, երբեմն ուշադիր հետևելով կենդանական աշխարհի անցուդարձին, հնարավոր է հասկանալ խորհուրդներ, ու խուսափել անդառնալի կորուստներից։

Այս պատմությունը եղել է շաաատ վաղուց, 1997թվականին։ Ինստիտուտի տարիներին ունեի Հարութ անունով ընկեր, ով հիմա կարծեմ Գերմանիայում է, ու նրա հետ կապը չի պահպանվել, բայց դրանից այս պատմության էությունը չի փոխվում (չնայած ո՞վ գիտի)։ Նստած էինք նրանց տանը, որտեղ գյուղից հյուր էր եկել Հարութի Հարութ պապը։ Ցավոտ դեպք էր տեղի ունեցել պապի հետ, նրա 200֊ից ավել ոչխարի հոտը դարձել էր գելի բաժին։ Մինչև վերջին ոչխարը գայլերը հոշոտել էին։ Պատմում էր պապը կիսաթաց աչքերով, ու մեղադրում էր իրեն։ Այն ժամանակ էլ ինձ հետաքրքրում էր նման պատմությունները, ու քանի որ անհասկանալի կերպով պապը մեղադրում էր իրեն, խնդրեցի պատմել, թե ինչ է տեղի ունեցել։ ֊ Էէէէ, բալես, ի՞նչ պատմեմ։ Մի 200 գլուխ ոչխար ունեի։ Առավոտ տանում էի հանդը իրիկունը բերում տուն, ոչ մի խնդիր երբեք չէր առաջանում, գիտե՞ս խի, ասա խի՞։ ֊Խի՞։ ֊Որովհետև ոչխարներին առաջնորդում էին երկու թափով նոխազ (որձ այծ)։ Սրանք ոնց որ մարդ լինեին, ոչխարներին հետևներից գցած տանում, բերում էին, ու գիտե՞ս, սրանք մեր գյուղի շներին իրանցով էին արել, էս շները սաղ օրը կողքերը ֆռֆռում էին։ Գելն էլ էս տեսնելով, սկի ռիսկ չէր անում սարն իջնի։ ֊Հետո՞։ ֊Հետո ի՞նչ, մի քանի օր առաջ առավոտյան զարթնեցի, մտա գոմ, տեսա նոխազներից մեկը հիվանդացելա, ոչ ուտումա, ոչ խմում, էն մյուսն էլ ընկերոջ կողքից էն կողմ չի գնում, ոչխարն էլ հանդ պետքա տանեի։ Ոչխարներին քշեցի հանդը, ու ամբողջ օրը կողքները կանգնած հսկում էի, որ գելը մոտ չգա։ Երեկոյան տուն գալուց նկատեցի, որ ոչխարներից մեկը առանձնացելա հոտից, ու... Ոչխարն ասումա, ֊բեեեեեեեե Հոտը կանչումա, ֊բեեեեեե Ոչխարն ասումա ,֊բըըըըըըը Հոտը կանչումա,֊ բըըըըըըը Ու հետո, մեկ էլ էս ոչխարը շուռ եկավ, ու ճամփա ընկավ դեպի տուն, հոտն էլ հետևից։ Համ զարմացա, համ էլ ուրախացա, վերջապես հոտիս առաջնորդ գտա, ու ստիպված չէի լինի սաղ օրը կողքները ֆռֆռամ։ Առավոտյան, երբ նորից հոտը պետքա քշեի սարը, շները սովորականի նման միացան հոտին։ Էս մեր առաջնորդ ոչխարը մի տռճիկ տվեց, մի սկսեց էս կողմ էն կողմ ընկնել, էս ծառին, էն քարին, մի խոսքով հոտը ցրվեց, խառնվեց, ես էլ ընկած էս կողմից, էն կողմից ոչխարներին բռնում բերում էի, հավաքում։ Ստիպված քարով փետով էս շներին լարեցի, ու հոտը հանդարտվեց։ Երեք օր առանց խնդիր հոտը տարա, բերեցի, երեկ, օրվա վերջին գելերը վրա տվին, անկախ ինձանից շներին էի սպասում, շները չեկան, մի 10֊15 գել մտան հոտի մեջ, ու... սաղին փռթեցին։ հիմա մնացել են երկու այծ։ Չգիտեմ ինչ եմ անելու։ Խեղճ պապը հոգու կսկիծով պատմում էր, ու մեղադրում իրեն, թե ի՞նչ խելք արեց, շներին վռնդեց, ու թողեց, որ ոչխարը հոտը ղեկավարի։ Ախր էդ եքա հոտը, ո՞նց խելք արեցի ոչխարին վստահեցի։ Հաջորդ օրը Հարութը զարմացած ասաց. ֊Գիտե՞ս երեկոյան ինչա պատահել, էն առաջնորդ ոչխարը գելերից պրծել, եկել էր գոմ։ ֊Բա հետո՞։ ֊Հետո ի՞նչ, պապս դանակը վերցրեց, ու կամաց֊կամաց սկսեց քերթել։ ֊Հա, բայց, ոչխարն ի՞նչ մեղք ուներ, էնի ոչխարա, նրան վստահողը չի՞ մեղավոր, ախր պապիդ էլ էր ասում, որ մեղավորն ինքնա։ ֊Հա, բայց հենց իրա արած սխալը ուղղելու համար էլ պապս սատկացրեց էդ ոչխարին։ Ուղղակի ամբողջ մի կարողություն կորցրինք։ Դրանից հետո, երկու տարի անցավ, Հարութի պապը, երբ մահացավ, Հարութի հայրը ընտանիքով հեռացավ Հայաստանից, ու այլևս նրա հետ կապը կորավ։

Հ.գ. Երբեք ձեր ամենանվիրականը մի վստահեք ոչխարին, նա միևնույն է ոչխար է, վերջում մեղավորը դուք եք լինելու, նրան քերթեք, թե ոչ... 

Հեղինակ՝ Սպարտակ Ծատուրյան

Նյութը պատրաաստեց՝ Արամ Խաչատրյանը/ԱՐԽԱ/

Комментарии