«Տավուշը հզոր է տավուշցիներով»- Աշուղ Նազելի Գրիգորյանի անակնկալը նվիրված Տավուշին

Օրեր առաջ, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով մեքենան, վերադարձել են իրենց դիրք, այնուհետև ժամեր անց, ադրբեջանցի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և հետ շպրտվել։ Այդ օրերին՝ իրենց արյան գնով, հերոսական մահով երկնային հավերժությանն արժանացան Մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը։ Տավուշում տեղի ունեցածը անտարբեր չի թողել նաև տավուշցի աշուղ Նազելիին։ Ստորև ներկայացնում եմ այն կարճ, սակայն բովանդակալից զրույցը, որն ունեցա աշուղ Նազելի Գրիգորյանի հետ։


Տավուշ աշխարհում տեղի ունեցող դեպքերը կարծես անտարբեր չթողեցին նաև ձեզ՝ սիրելի՜ աշուղ։ Տեղեկացա, որ նոր ստեղծագործության վրա եք աշխատում այս պահին, որն էլ սերտ կապակցված է վերջին օրերի դեպքերին։ Կանխավ թույլ թվեք երախտագիտությունս հայտնել,  որ չմերժեցիք և պատրաստ եղաք կիսվելու այս նորությամբ։

Տավուշ աշխարհի հետ կապված իրադարձությունները հուզել են ամբողջ աշխարհի հայությանը։ Ինձ ճանաչողները գիտեն,որ ես տավուշցի եմ,ծնվել եմ Նոյեմբերյանի Բաղանիս գյուղում։ Դժվար չէ պատկերացնել,թե ինչ եմ զգում, երբ իմ ծնողները,համագյուղացիները ապրում են թշնամու կրակի տակ։ Բաղանիսի սուրբ Հարսնաքար սարի մասին երգ ունեմ գրած,բայց Տավուշի մասին տավուշցի երգահան- աշուղը պիտի երգ գրեր` «Հզոր Տավուշ» վերնագրով։

Ովքե՞ր են ներգրաված այս գեղեցիկ նորությունը արարելու գործընթացում։

Երգի ձայնագրության համար համագործակցել եմ «Harmony Records» ստուդիայի հիմնադիրներ Արտակ Զեյնալյանի և Ռազմիկ Բաղդասարյանի հետ։ Երգը զուգերգ է, կատարելու ենք ես և Ռազմիկը։ Օրեր անց այն պատրաստ կլինի։




Իսկ տեսահոլովակի պրեմիերա լինելու՞ է։

Երգի պրեմիերան կներկայացնենք տեսաշարով։ Տավուշի մասին նյութերով օգնում են իմ հայրենակիցները։ Տեսաշարի աշխատանքները կկատարի Կարեն Բաղինյանը։

Զրույցը կցանկանայի ավարտենք ձեր կոչով։

Կոչ անելու խնդիր չկա, մեր ժողովուրդը միասնական է,մի բռունցք։ Տավուշը հզոր է տավուշցիներով. նրանք ամուր կանգնած են իրենց հողում, նրանք բոլորը զինվորներ են,սահմանապահներ։ Տավուշը հզոր է Հայոց փառապանծ բանակով։ Ցավոք, այս մի բուռ հողը արյամբ ենք պաշտպանում, խոնարհվում եմ մեր հերոսների առաջ․․․ Հայ մայրերս մեր օրը սկսում և ավարտում ենք աղոթքով հայ զինվորի համար։ Յուրաքանչյուր հայ պետք է նվիրվի հայրենիքին ըստ կարելվույն` զենքով,գրչով,երգով, աշխատանքով․․․ 

Հատուկ շնորհակալություն երգիչ, կոմպոզիտոր Ռազմիկ Բաղդասարյանին. նա անշահախնդիր գործիքավորել, ձայնագրել և երգել է, շնորհակալ եմ ձայնակցող երգչախմբին, շնորհակալ եմ բոլորին։ Շնորհակալ եմ քեզ, Արամ ջան, հարցազրույցի համար։ 

Հարցազրույցը՝ Արամ Խաչատրյանի /ԱՐԽԱ/

Կարող եք տեսնել նաև

«Իսկական արվեստը հայրենիք չունի»

Комментарии