Հուշապատում- Հյուրն է ժամանակակից ստեղծագործող Սիլվա Մանուկյանը

Օրեր առաջ տոնում էինք Տյառնընդառաջն ու սիրո տոնը: Ժամանակի անիվը ետ պտտենք և վերհիշենք ձեր սիրո պատմությունը:

Չկա սիրո պատմություն՝ եկա, տեսա, սիրեցի, երևի թե հաղթեցի։


Տարիներ
առաջ այսչափ ժամանցային վայրեր չկային, ինչպե՞ս էիք կազմակերպում ձեր օրերը սիրո տոներին:

Կային ժամանցային վայրեր, սիրո տոներն էին քիչ, սակայն ես առիթ-անառիթ միշտ էլ ստացել եմ ծաղիկներ, ինչի համար միշտ շնորհակալ եմ եղել։ Մեր ժամանակների համար հաճելի վայր էր կարապի լճում գտնվող «Առագաստ» սրճարանը, և ինչքանով հիշում եմ «Թատերական ռեստորան» կար, մենք հաճախ էինք լինում այնտեղ առանց պատճառի։



Ամփոփելով հուշերը՝ կկիսվե՞ք մի զավեշտալի, արկածային դեպքով, որը եղել է ձեզ հետ, ձեր սիրելիի հետ:

Հիշում եմ, տարիներ առաջ ամուսնուս հետ քայլում էինք փողոցով, նկատեցինք տարեց զույգի, ովքեր քայլում էին ձեռք ձեռքի տված։ Ասում եմ «Նայի՜ր, ի՜նչ գեղեցիկ և սիրող զույգ են և այդ տարիքում քայլում են ձեռք ձեռքի տված»։ Նայեց երեսիս, հետո ծիծաղելով ասաց «Մամ ջան, իրար ձեռք են բռնել, որ չընկնեն»։ Երբ տրամադրությունը տեղն էր, ինձ ՄԱՄ էր ասում։

 Սերն ու Հայրենիքը մի ամբողջություն է և միաձուլված են իրար: Ծանոթ լինելով ձեր ստեղծագործություններին, որոնցից մի քանիսն անձամբ եմ կարդացել և լսարանին ներկայացրել, կարող եմ փաստել, որ Հայրենիքին ավելի շատ եք անդրադարձ կատարել: Կարոտա՞խտ է, թե՞ ...

Միշտ սիրել եմ իմ երկիրը, հողը, լեզուն։ Իսկ օտարության մեջ կարոտն ավելի է ուժգնացել, սերս՝ խորացել։

Սիլվա Մանուկյանը ո՞ր գրողին է սիրում և հատկապես ո՞ր ստեղծագործությունը, գուցե հաճախ վերընթերցում:

Մանկուց շատ եմ սիրել պոեզիան, իսկ շատերի առիթներին իրենց ցանկությամբ ասմունքել նաև։ Սիրում եմ մեր հայ գրողների ստեղծագործությունները։ Իհարկե, ունեմ ընտրյալներ, որոնց գրիչն իմ սրտին ու էությանը հոգեհարազատ են։ Ավելի վաղ հասակում կարող էի ժամերով ասմունքել Սահյանի, Շիրազի, Սևակի գործերից։ Սևակի «Անլռելի զանգակատնից»՝ «Գարունա՜, ձունա արել», Սահյանի գրեթե բոլոր գործերը։ Նույնիսկ հիմա, երբ մենակ եմ լինում տանը և խանգարող չկա, բարձրաձայն արտասանում եմ Սահյանի՝ «Դու ուզեցիր, որ քեզ տիրություն անեմ, ու ես անտեր մնամ», Տերյանի՝ «Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել» ստեղծագործությունները։

 Ո՞րն է, ըստ Ձեզ, այսօրվա ժամանակակից ստեղծագործողի հենակետը, ի՞նչն է կարևորվում նյութի մեջ:

Ժամանակակից գրողների մոտ գերիշխում է վերացականությունը։ Պետք է մի քանի անգամ կարդաս, որ հասկանաս, թե ինչ է ասում, իսկ սերն էլ, որպես ծամծմված թեմա, արծարծվում է գրեթե բոլորի մոտ։ Ես գրաքննադատ չեմ, քավ լիցի։

Հայցում եմ ձեր ներողամտությունը՝ անկեղծության համար։

Հումորի անսպառ աղբյուր եք մտերիմները կփաստեն խոսքս՝ առանց ձեր ներկայության առիթները կիսատ են: Այդքան սեր և էներգիա որտեղի՞ց կամ ինչպե՞ս եք ստանում:

Դա գալիս է մանկությունից, անգամ փոքր տարիքում, երբեմն առանց մտածելու, սրամտում էի։ Ավելի մեծ տարիքում հասկացա, որ հումորի  անսպառ պաշար ունեմ, իսկ կատակներս ու սրամտություններս շատերին էին հաճելի։ Հումորի զգացումն օգնեց նաև ինձ՝ հաղթահարելու կյանքիս դժվարին պահերը, օրերն ու ժամերը։ Կան «թևավոր հումորներ», որոնց մասին ես արդեն մոռացել եմ, բայց ինձ սիրող մարդիկ, իմ մտերիմներն ու հարազատները մինչև հիմա մտապահել են դրանք, առիթների ժամանակ հիշում են, պատմում և ծիծաղում։ Անկեղծանամ՝  ինձ հաճելի է։

 Վերջերս մի դեպք պատահեց։ Հրավիրված էի միջոցառման զրուցեցինք, կատակեցինք, իսկ հրաժեշտ տալուց հյուրերից մեկը, ով ինձ առաջին անգամ էր տեսնում, մոտեցավ շատ սիրալիր, ժպիտը երեսին և խոստովանեց, որ ինձ շատ սիրեց։ Ես էլ պատասխանեցի, որ գիտեմ, ու ինձ՝ բացի տանեցիներից, բոլորն էլ սիրում են։ Ապշահար երեսիս նայեց, իսկ ես շարունակեցի ժպտալով, որ տանեցիները չեն սիրում, այլ խելագարվում են։

Միշտ հայտնվում եք ճիշտ վայրում և ճիշտ ժամանակին՝ ստեղծելով համապատասխան մթնոլորտ։ Ինչպե՞ս է ստացվում յուրաքանչյուրին ընկալել այնպես,  ինչպես որ կա։

Եթե ես դրսում եմ՝ շրջապատում, թեկուզ անտրամադիր եմ կամ հիվանդ, մտածմունքների մեջ եմ կամ ուղղակի իմ հոգսերով պարուրված, երբեք դիմացինի վզին չեմ փաթաթում իմ խնդիրներն ու տրամադրությունը։ Գուցե այդ պահին տխուր եմ ու վշտի մեջ, սակայն ես միշտ պետք է ծիծաղեմ և ծիծաղ պարգևեմ։ Դա է իմ էությունը, իմ ապրելաձևը։

 Կա՞ մի ստեղծագործություն ձեր գրվածքներից, որով կկիսվեք մեզ հետ ու կամփոփեք զրույցը:

Այո՛, դու գիտես, թե դա որն է։ «Գուցե հոգիս, հոգիս սառի օտար հողում․․․», և «Կարոտել եմ մեր հին տանը», որը կարդացել և նոր կյանք ես տվել, երկու գործերն էլ նվիրված են հայրենիքին, որն այնքան շատ եմ սիրում։ Երեխաներիս, թոռներիս, մորս նվիրված գործեր էլ ունեմ, որոնք յուրօրինակ տեղ են գրավում իմ գրապահոցում։


Ձեր քույրը ևս ստեղծագործում է՝ Սիրանուշ Մանուկյանը։ Հետաքրքիր է, մեկդ մյուսի ստեղծագործությունները կարդալիս, փորձու՞մ եք շտկումներ անել, ուղղորդել։

Քույրս ստեղծագործում է ավելի վաղ հասակից։ Ես 50 ից հետո եմ սկսել գրել և միանգամից։ Օրինակ ճանապարհ գնալուց, երբ բառերը, նախադասությունները միտքս են եկել, միանգամից գրի եմ առել։ Ինչ խոսք, կարելի է ուղղորդել, կարծիք հայտնել, բայց ամեն մարդ ինքն է ճի՛շտ իր գրվածքներում։ Չեմ սիրում, երբ  իմ ստեղծագործությունները խմբագրվում են։ Նախընտրում եմ պարզ, անմիջական, հասկանալի լեզուն։ Վերափոխելուց հետո դա արդեն իմը չէ, իմ զգացածը չէ։

 Միշտ սիրով լեցուն Սիլվա Մանուկյանի ուղղերձը նորօրյա սիրահարներին։ Ինչպե՞ս սերը պահպանել։

Սերը պահելու համար պետք է անկեղծ սիրել, մաքուր սիրել։ Անշահախնդիր սիրել, ինչպես սիրել են Իսահակյանը, Սևակը և այլ մեծերը։ Եթե անկեղծ սեր է, կհարատևի այն։ Սիրով եղեք։

Շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու և մեր օրը սիրով լցնելու համար:

Ես էլ եմ շնորհակալ, որ թեկուզ այսքան պարզ գրառումներով կարողանում եմ պահել կապս հայրենակիցներիս հետ, որոնց անչափ անչափ սիրում եմ։

 Հարցազրույցը՝ Արամ Խաչատրյանի /ԱՐԽԱ/

Խմբագիր՝ Մարի Եգոր

Սիլվա Մանուկյանի հարցազրույցներից տես նաև՝

https://my-arxa-blog.blogspot.com/2018/10/blog-post_27.html 

https://my-arxa-blog.blogspot.com/2018/03/blog-post_39.html

 

Комментарии